30 հունիսի 2026 - 16:29 AMT
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ դեսպաններին ընտրությունների առիթով հնչեցված գնահատականների համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին, շնորհակալություն հայտնել ընտրությունների կապակցությամբ հնչեցված գնահատականների և շնորհավորանքների համար։

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, նա շնորհավորել է վարչապետին հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների կապակցությամբ։

Ընդգծվել է Եվրոպական միության պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը Հայաստանի հետ՝ ժողովրդավարական արժեքների ամրապնդման, կայունության և զարգացման նպատակով։

Վարչապետը կարևորել է Եվրոպական միության աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին և բարեփոխումների օրակարգի առաջմղմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Եվրամիություն համագործակցության օրակարգին առնչվող հարցեր։ Մտքեր են փոխանակվել բարեփոխումների օրակարգի, իրավունքի գերակայության ամրապնդման, տնտեսական համագործակցության, ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկ դիմակայունության, ինչպես նաև տարածաշրջանային կայունության և խաղաղության օրակարգի վերաբերյալ։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան–Եվրամիություն գործընկերության հետագա խորացմանն ուղղված քայլերին։ Կարևորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականությունը և փոխգործակցության ընդլայնումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։

Հունիսի 14-ին հրապարակվել են հունիսի 7-ի խորհրդարանականընտրությունների վերջնական արդյունքները։ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 726,819 կամ 49.7456 տոկոս, «Ուժեղ Հայաստանը»՝ 340,006 քվե կամ 23.2710 տոկոս, «Հայաստան» դաշինքը՝ 144,983 կամ 9.9231 տոկոս: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել 4% անցողիկ շեմը և չի անցնում ԱԺ՝ հավաքելով 58,287 քվե կամ 3.9893%:

ՔՊ-ն կունենա 64 մանդատ (3 մանդատը կտրվի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին), «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը` 29 մանդատ (1 մանդատ կունենա ասորի ներկայացուցիչը), իսկ «Հայաստան» դաշինքը` 12 մանդատ։