
«Միասնության Թևեր» կուսակցությունը հայտարարել է, որ կանգնած է Գորիսի ավագանու անդամ, «Միասնության թևեր» կուսակցության ընտրացուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու, Գորիսի պետական քոլեջի նախկին տնօրեն Կարեն Լազարյանի կողքին, ինչպես նաև քոլեջի այն աշխատակիցների կողքին, ովքեր «հրաժարվել են սուտ խոսել և մարդու նկատմամբ «գործ սարքելու» գործիք դառնալ»։
Նշվում է, որ «սուտ ցուցմունքներով, շանտաժով, սպառնալիքով և պաշտոնեական լծակներով մարդկանց կոտրելու փորձերը չեն կարող մնալ անպատասխան»։
Կարեն Լազարյանը հանդես է եկել բաց նամակով՝ բարձրաձայնելով իր և «Գորիսի պետական բազմագործառութային քոլեջ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների նկատմամբ իրականացվող «ճնշումների, շանտաժի և ապօրինությունների մասին»։
«Նույն օրը լրատվամիջոցում հրապարակվել է նաև քոլեջի աշխատակցի՝ Հակակոռուպցիոն կոմիտեին հասցեագրված հաղորդումը հանցագործության մասին, որտեղ ներկայացված են չափազանց մտահոգիչ պնդումներ։
Եթե այդ տեղեկությունները հաստատվեն, ապա գործ ունենք ոչ թե աշխատանքային վեճի, այլ շատ ավելի վտանգավոր երևույթի հետ․ սուտ կամ շինծու տեղեկություններ կորզելու, քաղաքականապես անցանկալի անձի դեմ «գործ սարքելու», աշխատակցին շանտաժի ենթարկելու և ճնշելու փորձի հետ։
Ըստ Կարեն Լազարյանի բաց նամակի և հրապարակված հաղորդման՝ Գորիսի բազմագործառութային պետական քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանը տևական ժամանակ ճնշումներ է գործադրել քոլեջի հաշվապահի նկատմամբ՝ պահանջելով Կարեն Լազարյանի դեմ ներկայացնել կեղծ բողոքներ և շինծու տեղեկություններ։ Ներկայացվում են նաև պնդումներ «վերևների» տեղյակ լինելու, մարզային պաշտոնյաների հնարավոր ներգրավվածության և աշխատակիցների նկատմամբ հոգեբանական ճնշումների մասին։
Ավելին՝ ըստ Կարեն Լազարյանի հրապարակած տեղեկությունների, այդ գործընթացների հետևանքով քոլեջի 7 աշխատակից արդեն դիմում է ներկայացրել աշխատանքից ազատվելու համար՝ մտահոգված լինելով, որ իրենք նույնպես կարող են հայտնվել նմանատիպ ճնշումների տակ։
Սա արդեն մեկ անձի հարց չէ։ Սա պետական համակարգի օրինականության, կրթական հաստատության բարոյական մթնոլորտի, աշխատակիցների իրավունքների և քաղաքական հետապնդումների անթույլատրելիության հարց է։
Կրթական հաստատությունը չի կարող վերածվել քաղաքական հաշվեհարդարի լաբորատորիայի։ Տնօրենի աշխատասենյակը չի կարող դառնալ սուտ ցուցմունքներ կորզելու վայր։
Պետական համակարգում պաշտոն զբաղեցնող որևէ անձ չի կարող մարդկանց ստիպել ստել, սպառնալ, շանտաժի ենթարկել կամ իրավապահ համակարգի անունը օգտագործել որպես վախեցնելու գործիք»,-ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ կուսակցությունը Կարեն Լազարյանի նկատմամբ տեղի ունեցողը չի դիտարկում որպես մեկուսացված միջադեպ՝ նա Գորիսի ավագանու անդամ է, հանրային ակտիվ դիրք ունեցող անձ և կուսակցության կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու։ Նշվում է նաև, որ նրա նկատմամբ ցանկացած ապօրինի ճնշում կամ շինծու գործընթաց ունի ակնհայտ քաղաքական ենթատեքստ։
«Պահանջում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն, դատախազությունը, իրավապահ մարմինները, Մարդու իրավունքների պաշտպանը և ԿԳՄՍ նախարարությունը անհապաղ ուսումնասիրեն ներկայացված փաստերը և տան իրենց գործառույթներով պայմանավորված հստակ գնահատական»,-ասվում է հայտարարության մեջ: