30 հունիսի 2026 - 17:10 AMT
Արզաքանցյանին արգելվել է մոտենալ Նատալյա Ռոտենբերգին

Հայտնի գործարար Տիգրան Արզաքանցյանին արգելվել է մոտենալ կնոջը՝ Նատալյա Ռոտենբերգին: Այդ մասին հայտնել է Ռոտենբերգի փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանը, գրում է Panorama.am-ը:

«Տիգրան Արզաքանցյանը չի կարող մոտենալ Նատալյա Սերգեևնային՝ ո՛չ անձամբ, ո՛չ էլ միջնորդավորված։ Անթույլատրելի է նրանց որևէ տեսակի շփումը։ Ընդ որում՝ այդ որոշման կատարումն ապահովելու համար տիկին Նատալյա Ռոտենբերգին արդեն կցվել են հատուկ անձինք, որոնք 24/7 ռեժիմով իրականացնում են վերջինիս պաշտպանությունը»,- ասել է փաստաբանը:

Փաստաբանը հավելել է, որ հունիսի 8-ին Ռոտենբերգի բնակության վայրից ահազանգ է ստացվել, ըստ որի՝ ամուսնու՝ Տիգրան Արզաքանցյանի կողմից, խանդի հողի վրա առաջացած կենցաղային վիճաբանության ընթացքում նրա նկատմամբ բռնություն է գործադրվել։

Հասմիկ Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ դեպքի առթիվ հարուցվել է երկու քրեական գործ՝ բռնության և ազատությունից ապօրինի զրկելու հոդվածներով։

Քննչական կոմիտեից հայտնել են, որ քանի որ վարույթը վերաբերում է մասնավոր կյանքին, այն ենթակա չէ մեկնաբանման, և հետագայում ևս գործի ելքի վերաբերյալ մանրամասներ չեն հանրայնացվի։

Ինչ վերաբերում է ենթադրյալ բռնության մեջ մեղադրվող Տիգրան Արզաքանցյանին, ապա նա այս պահին երկրում չէ։