30 հունիսի 2026 - 17:46 AMT
ICMP․ ՀՀ և Ադրբեջանի միջև անհետ կորածների տվյալների բազա կստեղծվի՝ նախկին Հարավսլավիայի մոդելով

ՀՀ և Ադրբեջանի միջև անհետ կորածների տվյալների բազա կստեղծվի՝ նախկին Հարավսլավիայի մոդելով: Այդ մասին Բաքվում հայտարարել է Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի (ICMP) գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերը:

Նա ելույթ է ունեցել «Անհետ կորած անձանց հարցի լուծման ժամանակակից մոտեցումները և համագործակցության ամրապնդումը» թեմայով միջազգային համաժողովում, որն անցկացվել է ICMP-ի հետ համագործակցության շրջանակում, հայտնում է APA-ն:

Նրա խոսքով՝ այդ նախաձեռնությունը ոչ միայն կօգնի ամրապնդել պետական կառույցների միջև համագործակցությունը, այլև զարգացնել Ադրբեջանի կառավարության ու անհետ կորածների ընտանիքների միջև կապերը, կապահովի Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղեկատվության փոխանակումը և կդառնա խաղաղությանը նպաստող մեխանիզմ։

«Սա այն մոդելն է, որը մենք, օրինակ, օգնել ենք ստեղծել նախկին Հարավսլավիայի համատեքստում։ Այսօր այդ տարածաշրջանի կառավարությունները, թեև հակամարտության ավարտից անցել է երկար ժամանակ, անհետ կորած անձանց հարցով ստեղծել են համատեղ գործող աշխատանքային խումբ։ Նրանք ձևավորել են միասնական տվյալների բազա, որն ընդգրկում է մինչ այժմ չփակված բոլոր գործերը, և այդ բազայի միջոցով փոխանակում են տեղեկատվություն։ Մենք հույս ունենք, որ այս տվյալների բազայի միջոցով ևս հնարավոր կլինի հասնել նույնպիսի արդյունքների։ Առաջին հայացքից այս թեման գուցե այնքան էլ հետաքրքիր չթվա, սակայն տվյալների բազան համագործակցությունն ապահովելու և խաղաղություն կառուցելու կենսական կարևորության գործիքներից մեկն է»,– ընդգծել է գլխավոր տնօրենը։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Հարձակման հետևանքով զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ, որոնցից 6-ը եղել են անչափահաս։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ էր մնացել, որոնցից 11-ը ևս վերադարձել են ՀՀ, 1-ը՝ մահացել է, 1-ը՝ կալանավորվել։