30 հունիսի 2026 - 18:25 AMT
Կարապետյան․ Չեմ պատկերացնում՝ ինչպես է Փաշինյանն ինձ ունեզրկելու, ինձ թվում է՝ ինքն էլ չի պատկերացնում

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ իշխանությունները որևէ հնարավորություն չունեն իրենց «մեջտեղից հանելու»։ Նա այդ մասին ասաց Հակակոռուպցիոն դատարանի մոտ՝ իր գործով դատական նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին։

Նա նշել է, որ չի պատկերացնում, թե ինչպես է վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում իրեն ունեզրկել, հայտնում է Aysor.am-ը:

«Ես չեմ պատկերացնում, ինձ թվում է՝ ինքն էլ չի պատկերացնում, խոսում է էլի»,- ասել է նա։

Կարապետյանը նաև նշել է, որ չի զարմացել, որ գործող իշխանությունները, իր գնահատմամբ, ուրացել են այն ամենը, ինչ ինքը կատարել է Հայաստանի և հայ ժողովրդի համար։

«Իրենք ուրացան 10 միլիոն ժողովրդի արածը, իմ արածն ի՞նչ է, որ չուրանան»,- հավելել է Կարապետյանը։

Նա նաև ասել է, որ շարունակելու է Հայաստանում ներդրումներ կատարել, հայտնում է Sputnik Արմենիան:

«Իհարկե, շուտով ձեզ կհրավիրենք, երկու շատ կարևոր ոլորտում Հայաստանի երևի ամենախոշոր հիմնարկները կբացենք։ Սա մեր երկիրն է, Փաշինյանն ընդամենը տուրիստ է, ինքը կա, չկա, մեզ համար նշանակություն չունի։ Մենք ամեն օր ամեն ինչ անելու ենք»,- հայտարարել է Կարապետյանը։

Հունիսի 26-ին Սահմանադրական դատարանում սկսվել է և շարունակվում է հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող յոթ քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միավորված գործի քննությունը։