
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի Ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլիի հետ հանդիպմանը ողջունել է նախարարի այցը Հայաստան և կարևորել ՀՀ ու Վրաստանի իրավապահ մարմինների միջև համագործակցության հետևողական զարգացումը։
Փաշինյանի խոսքով՝ երկկողմ հարաբերություններում առկա է փոխգործակցության զգալի ներուժ, որի լիարժեք իրացմանը նպաստում են նաև նման փոխայցելություններն ու բարձրաստիճան պաշտոնյաների ակտիվ շփումները։
Նա նաև կարևորել է երկու երկրների ներքին գործերի նախարարությունների համատեղ ծրագրերը, մասնավորապես՝ հանցավորության և ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի, ինչպես նաև ներքին անվտանգության մակարդակի հետագա բարձրացման ուղղությամբ։
Թամազաշվիլին նշել է, որ Հայաստանի գործընկերների հետ արդյունավետ քննարկումներ է ունեցել, այդ թվում՝ համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ։ Նրա համոզմամբ՝ այդ նախաձեռնությունները նոր խթան կհաղորդեն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը և կօգնեն առավել արդյունավետ արձագանքել առկա մարտահրավերներին։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության զարգացման և տարբեր ոլորտներում հետագա քայլերի վերաբերյալ։