
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և ԱՄԷ «Տրոյան Քոնսթրաքշն Հոլդինգ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն, «Էմարաթ Գրուպ»-ի տնօրենների խորհրդի փոխնախագահ Ահմեդ Ալ Շամսին Երևանում ներդրումային հետաքրքրություն ներկայացնող քաղաքաշինական խոշոր ծրագրերին վերաբերող հարցեր են քննարկվել: Հանդիպմանը մասնակցել է նաև «Սիլ Կապիտալ» ընկերության հիմնադիր և խորհրդի նախագահ Էդուարդ Սուքիասյանը։
Ավինյանը հյուրերին ներկայացրել է Նորագյուղ թաղամասի վերակառուցման ծրագիրը, որը նախատեսվում է ձևավորել որպես Երևանի նոր կենտրոն։
Քաղաքապետի խոսքով՝ Երևանի նկատմամբ միջազգային բիզնեսի աճող վստահությունը ևս մեկ անգամ վկայում է, որ մայրաքաղաքը հետևողականորեն ամրապնդում է իր դիրքը որպես ներդրումների, նորարարության և միջազգային համագործակցության գրավիչ կենտրոն։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ահմեդ Ալ Շամսին նշել է, որ իրենց ընկերությունները նույնպես հետաքրքրված են Հայաստանում իրականացվող խոշոր նախագծերով։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև «Պրոմենադ» համալիրի կառուցման և Դալմայի այգիների նախագծերին, որոնք նպատակ ունեն նոր շունչ հաղորդել Երևանի հանրային տարածքներին՝ ձևավորելով ժամանակակից, հարմարավետ և գրավիչ միջավայր քաղաքացիների ու զբոսաշրջիկների համար։
Տիգրան Ավինյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Երևանի համայնքը բաց է համագործակցության համար բոլոր այն կազմակերպությունների և անհատների հետ, որոնք ցանկանում են իրականացնել շահավետ ներդրումներ մայրաքաղաքում։