
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Իսրայելի որոշմանը` «զրպարտություն» անվանելով իր երկրի հասցեին մեղադրանքները:
Նա հայտարարել է, որ Գազայի հատվածի խաղաղ բնակչության դեմ իրականացված հանցագործությունների համար պատասխանատու անձինք «փորձում են իրենց գործողությունները քողարկել զրպարտություններով, այդ թվում՝ Թուրքիայի հասցեին հնչեցված մեղադրանքների միջոցով», հայտնում է Factor.am-ը:
Այս մասին Էրդողանը հայտարարել է Թուրքիայի կառավարության նիստից հետո ունեցած հեռուստաուղերձում։
«Մենք կտրականապես մերժում ենք մեր երկրի հասցեին հնչող զրպարտությունները հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերը ներկված են Գազայի 75 հազար անմեղ բնակիչների, առաջին հերթին՝ երեխաների և կանանց արյամբ»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։
Նա ասել է, որ Թուրքիայի պատմության մեջ եղել են դեպքեր, երբ երկիրը ապաստան է տրամադրել նացիստական հալածանքներից փախչող մարդկանց։ Էրդողանի խոսքով՝ այսօր Թուրքիային զրպարտողները, որոնք փորձել են թաքցնել Գազայում իրականացվող իրենց հանցագործությունները, այդ իրողությունը շատ լավ գիտեն։
Իսրայելի կառավարությունը հունիսի 28-ին քվեարկությամբ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ հավանություն տալով արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի՝ անցած շաբաթվա վերջին ներկայացրած համապատասխան որոշման նախագծին։