
Հայաստանում բնակիչ-բաժանորդների համար բնական գազի սակագները չեն փոփոխվի։ Նման որոշում է կայացվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ հուլիսի 1-ին անցկացված նիստում:
Գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագների հաշվարկման մեթոդիկայի պահանջներից բխող՝ հանձնաժողովի նախաձեռնած սակագների վերանայման գործընթացի ընթացքում գնահատվել են սակագների վրա ազդեցություն ունեցող բոլոր դրական և բացասական գործոնները։
Արդյունքում վերանայվել են բնական գազի փոխադրման, բաշխման և գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայությունների սակագները, սակայն այդ փոփոխությունները չեն անդրադառնա բնակիչ-բաժանորդների կողմից կատարվող վճարներին։
«Այսպիսով, բնակիչ-բաժանորդների համար բնական գազի սակագները կմնան անփոփոխ։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի օգոստոսի 1-ից»,-ասվում է հաղորդագրության մեջ: