1 հուլիսի 2026 - 16:16 AMT
ԱԳ փոխնախարար․ TRIPP-ի վերաբերյալ ռուսական կողմի հետ քննարկումներ չեն ընթանում

Այս փուլում TRIPP նախագիծն իրականացնելու հարցում ռուսական կողմի ներգրավվածության հարց օրակարգում չկա, հայտարարել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը լրագրողների հետ ճեպազրույցում։

Լրագրողների հարցին, թե արդյոք ապագայում կարող է քննարկվել Մոսկվայի մասնակցությունը նախագծին, Սաֆարյանը պատասխանել է, որ չի ցանկանում ապագայի վերաբերյալ ենթադրություններ անել, հայտնում է Factor.am-ը:

Նրա խոսքով՝ Հայաստանը շարունակում է մնալ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ, հետևաբար նախագծի շրջանակում տարանցման գործընթացներն իրականացվելու են ԵԱՏՄ գործող կանոնակարգերին համապատասխան։

«ԵԱՏՄ մաքսային կարգավորումները մեր մաքսային մարմիններն են իրականացնում, այնպես որ մենք այդտեղ հարց չենք տեսնում»,- նշել է նա՝ հավելելով, որ այս փուլում այդ առումով Ռուսաստանի հետ որևէ խնդիր չի առաջացել։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ռուսական կողմը երկկողմ հանդիպումների ընթացքում բարձրացնում է TRIPP նախագծին մասնակցության թեման, Սաֆարյանը պատասխանել է, որ Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ օրակարգում նման հարց ներկայումս չկա։

Փոխարտգործնախարարը նաև հայտնել է, որ նախագծի գործնական աշխատանքները շարունակվում են, ստորագրված համաձայնագրերը ներկայացվելու են վավերացման, սակայն երկաթուղային կամ այլ ենթակառուցվածքային աշխատանքների մեկնարկի ժամկետներ այս պահին չեն հստակեցվել։ Նրա խոսքով՝ ծրագրի ավարտի ժամանակացույցի վերաբերյալ ևս առայժմ կոնկրետ տեղեկություն չկա։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ստորագրել են մի շարք փաստաթղթեր։ Նախաստորագրվել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը, ինչպես նաև ստորագրվել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։