
Հայաստան հարավարևմտյան տաք օդային հոսանքների ներթափանցումը կշարունակվի մինչև հուլիսի 3-ի կեսօր, որին կհաջորդի ցիկլոնի ներթափանցումը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, երբ ցերեկային ժամերին հանրապետության ամենատաք գոտիներում՝ Սյունիքի հովիտներ, Արարատյան դաշտ, Երևան, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 34-ից 36 աստիճան»,-ասել է նա:
Շոգ եղանակից հետո հանրապետության վրա կազդի Սև ծովի շրջաններից ներթափանցող տեղումնաբեր ցիկլոնը, որի ազդեցությունը կպահպանվի մինչև հուլիսի 8-ը ներառյալ։ Հուլիսի 4-8-ը գիշերային և հետկեսօրյա ժամերին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։
Առանձին հատվածներում տեղումները կլինեն առատ, ամպրոպների ժամանակ կանխատեսվում է նաև քամու ուժգնացում։
Այս ցիկլոնը հանրապետություն կբերի նաև հյուսիսարևմտյան ցուրտ օդային հոսանքներ, ինչի հետևանքով հուլիսի 4-5-ը Հայաստանի ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով։