
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բաքվում հայտարարել է, որ Եվրամիությունը 20 միլիոն եվրո արժողությամբ նոր ծրագիր կմեկնարկի, որն ուղղված է խաղաղության խթանմանը տարածաշրջանում։ Այդ մասին նա ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի հայտարարության ընթացքում:
Նա խոսել է առողջապահական, գյուղատնտեսական, ջրի կառավարման ոլորտներում ծրագրերի մասին, հայտնում է APA-ն:
«Հարցը, որին ես այսօր կցանկանայի անդրադառնալ, խաղաղությանը նպաստելուն ուղղված 20 միլիոն եվրոյի նոր ծրագրի մասին հայտարարությունն է։ Մենք ցանկանում ենք նպաստել տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը, այնպես անել, որ խաղաղության առավելությունները տեսանելի և շոշափելի լինեն սահմանամերձ շրջաններում բնակվող մարդկանց առօրյա կյանքում։ Օրինակ, մենք ներդրումներ ենք կատարելու առողջապահական ծառայությունների բարելավման համար՝ շտապօգնության մեքենաների ձեռքբերման միջոցով։ Անվտանգությունն ապահովելու նպատակով ուշադրություն ենք դարձնելու ականազերծման աշխատանքներին։ Մենք միջոցներ ենք ներդնելու ուժեղ տեղական համայնքների ձևավորման համար՝ գյուղական տարածքների զարգացման, ջրային ռեսուրսների կառավարման, ճշգրիտ գյուղատնտեսության և այլ ուղղությունների միջոցով։ Իհարկե, փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցությունը նույնպես այս ծրագրի կարևոր մաս է կազմելու», —ասել է Եվրահանձնաժողովի նախագահը։
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է նաև, որ ԵՄ-ն մինչև 200 միլիոն եվրո դրամաշնորհ է տրամադրելու Հարավային Կովկասում տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի զարգացման համար։
Ըստ նրա՝ նախագծերը կարող են ներառել, օրինակ, Նախիջևանով երկաթուղային հաղորդակցության ստեղծումը և Բաքվի նավահանգստի զարգացումը, գրում է APA-ն:
«Մենք ունենք «Գլոբալ ցանց» ներդրումային ծրագիրը, և այդ ծրագրի շրջանակում մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհ ենք հատկացնելու Հարավային Կովկասում տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի զարգացման համար։ Դա կարող է հնարավորություն ստեղծել պետական և մասնավոր հատվածներից մինչև 2 միլիարդ եվրոյի ներդրումներ ներգրավելու համար», — նշել է Եվրահանձնաժողովի նախագահը։
Ադրբեջանից հետո նախատեսվում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Երևան: