
«Հանրաքվեի մասին» և Ընտրական օրենսգրքի սահմանադրական օրենքներում փոփոխությունների նախագիծը հաստատում է, որ շարունակում ենք ունենալ մի իշխանություն, որն «անտեսում է բոլոր սահմանադրական կարգավորումները և հանրությանը հաշվետու լինելու պարտավորությունը», հայտարարել է պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա այդ մաիսն ասել է՝ անդրադառնալով ընտրական ցենզ սահմանելու նախագիծն օրակարգում ընդգրկելուն, հայտնում է Factor.am-ը:
«Ավելին, ներկայացված նախագծով, որն առերևույթ հակասահմանադրական հստակ ուղղվածություն ունի, փորձ է արվում սահմանափակել ՀՀ քաղաքացիների՝ Սահմանադրությամբ երաշխավորված և որևէ սահմանափակման ոչ ենթակա այս իրավունքը:
Ակնհայտորեն անտեսված են նաև Հայաստանի օրենսդրությամբ պահանջված մի շարք ընթացակարգեր։ Դա վերաբերում է նաև Վենետիկի հանձնաժողովին, որն ընտրական օրենսդրության շրջանակներում հանդիսանում է ՀՀ կարևորագույն գործընկեր կազմակերպությունը և միջազգային ստանդարտները առաջ մղող կազմակերպությունը»,-ասել է նա։
Կառավարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ, որոնցով համապետական ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու համար քաղաքացիներից կպահանջվի նաև փաստացի բնակության ցենզ (առաջարկվում է սահմանել Հայաստանում 1 տարվա մշտական բնակություն): Սա նշանակում է, որ միայն ընտրական ցուցակներում ընդգրկված լինելը բավարար չի լինի, եթե անձը չբավարարի բնակության պահանջը։