
Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին էներգամատակարարման բազմազանեցման հարցում, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ անդրադառնալով Ռուսաստանի կողմից հնարավոր էներգետիկ ճնշումներին:
Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե ինչ քայլեր կձեռնարկի ԵՄ-ն, եթե Մոսկվան թանկացնի կամ դադարեցնի Հայաստանին գազի մատակարարումը՝ հավելելով, որ հաջորդ շաբաթ Եվրոպական միության փորձագետների խումբ կժամանի Հայաստան, հայտնում է Factor.am-ը:
«Մենք ուզում ենք Հայաստանին օգնել նաև բազմազանեցնել իր էլեկտրամատակարարումները։ Ահա թե ինչու հաջորդ շաբաթ մի խումբ փորձագետներ ԵՄ-ից Հայաստան կժամանեն։ Մենք հարուստ փորձ ունենք նման իրավիճակի հետ։ Մենք Ուկրաինայում, Մոլդովայում անցել ենք դրանով ու հարուստ փորձ ենք կուտակել»,- ասել է Ֆոն դեր Լայենը։
Եվրոպական հանձնաժողովի նախագահը նաև պարզաբանել է, որ «Կովկասյան փոխանցման ցանցի» համար նախատեսված 25 միլիոն եվրոն հատկացվելու է տարածաշրջանային էներգետիկ անվտանգության ամրապնդմանը։
Նա շեշտել է, որ Հայաստանին անհրաժեշտ է ռազմավարական և համապարփակ մոտեցում, իսկ Եվրոպան պատրաստ է կանգնել Հայաստանի կողքին այն իրավիճակներում, որոնց Եվրոպական միությունն արդեն բախվել է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ էլեկտրահաղորդման գծերի (ԷԼԳ) կառուցումը կնպաստի Հայաստանի էներգետիկ անվտանգությանը: Փաշինյանը նաև հայտարարել է, որ Հայաստանի համար էներգետիկայի ոլորտում ռազմավարական առաջնահերթություն է համարվում էներգիայի կուտակման ժամանակակից կայանների կառուցումը։ Նրա խոսքով՝ դա հնարավորություն կտա լիարժեք և արդյունավետ կառավարել ու կուտակել վերականգնվող էներգետիկ ռեսուրսներից ստացվող էլեկտրաէներգիան։ Այս համատեքստում նա կարևորել է Եվրոպական միության աջակցությունը։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի հայտարարության ժամանակ ասել է, որ ԵՄ-ն փոխկապակցվածության համագործակցություն է առաջարկում Ադրբեջանին: Նա նաև բարձր է գնահատել «դեպի Հայաստան էլեկտրական մալուխ անցկացնելու առաջարկը»: