2 հուլիսի 2026 - 15:39 AMT
Թևանյանը դատի է տվել Ալեքսանյանին, պահանջում է հերքում, ներողություն և 9 մլն դրամ

Կալանքի տակ գտնվող «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանը զրպարտության և վիրավորանքի հատկանիշներով դատական հայց է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» վարչության փոխնախագահ, պատգամավոր Վահագն Ալեքսանյանի դեմ։

Հայցի հիմքում դրվել են մայիսի 31-ին Առաջին ալիքի «Քաղաքական ուժերի ծրագրերը խաղաղության և անվտանգության վերաբերյալ. Մեծ բանավեճ» հաղորդման ընթացքում Ալեքսանյանի հնչեցրած մի շարք արտահայտությունները, գրում է Factor.am-ը:

Մասնավորապես, բանավեճի ժամանակ Անդրանիկ Թևանյանի մասին խոսելիս ՔՊ-ական պատգամավորը կիրառել է «պետական գաղտնիքները դուրս տալու», «Հայաստանի Հանրապետությունը 622,000 դոլարի դիմաց ծախած լինելու», «պետական դավաճանություն», «լրտեսություն» արած լինելու, «գործակալական գործունեություն ծավալելու» ձևակերպումները։

Անդրանիկ Թևանյանը դատարանից խնդրել է պարտավորեցնել Վահագն Ալեքսանյանին՝ հայցադիմումը բավարարելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հերքել իր հասցեին տարածված, իր գնահատմամբ՝ զրպարտչական փաստացի տվյալները՝ հերքումը հրապարակելով ինչպես տեքստային, այնպես էլ տեսագրության ձևաչափով:

Թևանյանը նաև պահանջել է, որ Վահագն Ալեքսանյանը հրապարակային ներողություն խնդրի իրենից՝ կրկին ինչպես տեքստի, այնպես էլ տեսագրության միջոցով՝ հրապարակելով հետևյալ բովանդակությունը։

«Ներողության հրապարակում․ Ես՝ Վահագն Ալեքսանյանս, ներողություն եմ խնդրում Անդրանիկ Թևանյանից 2026 թվականի մայիսի 31-ին տեղի ունեցած մի շարք քաղաքական ուժերի մասնակցությամբ «Քաղաքական ուժերի ծրագրերը խաղաղության և անվտանգության վերաբերյալ. Մեծ բանավեճ» վերտառությամբ բանավեճի ժամանակ Անդրանիկ Թևանյանի վերաբերյալ հնչեցված՝ Անդրանիկ Թևանյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող արտահայտությունների համար, մասնավորապես, ներողություն եմ խնդրում Անդրանիկ Թևանյանին «լրտես», «գործակալ», «դավաճան» և «հայրենիքը փողի դիմաց խուրդող», անձ, ով պետք է «նստի, փտի բանտում», անցկացնի «բանտի ծակում», անվանելու համար»։

Բացի այդ, Թևանյանը, որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում, պահանջել է Վահագն Ալեքսանյանից բռնագանձել 6 միլիոն դրամ, վիրավորանքով պատճառված վնասի փոխհատուցման համար՝ ևս 3 միլիոն դրամ, ինչպես նաև պետական տուրքի համար նախապես վճարված 310 հազար դրամը և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը։

Հայցադիմումն ընդունվել է վարույթ և մակագրվել Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Տաթևիկ Ստեփանյանին։

Թևանյանը զրպարտության հատկանիշներով դատական հայց է ներկայացրել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի դեմ։ Հայցի հիմքում դրվել է Չախոյանի՝ մայիսի 23-ին հրապարակված 54 վայրկյան տևողությամբ տեսանյութը, որը սկսվել է հետևյալ բառերով․ «Թվում է, թե պետական դավաճանություն գործած, Հայաստանի դեմ լրտեսություն արած, պետական գաղտնիքները գումարով ծախած Թևանյան Անդրանիկի․․․»։

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդը, որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում, Տարոն Չախոյանից նույնպես պահանջել է բռնագանձել 6 միլիոն դրամ։