
Ընտրություններից հետո այս նոր շրջանը, ԵՄ-ի հետ հարաբերությունների նոր մակարդակն ու նոր ծավալը մեզ համար ստեղծում են պատմական շանս, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ ասուլիսում:
Նա նշել է, որ առաջին խնդիրը, որ պետք է լուծենք, լիարժեք, անկեղծ և ամբողջական համապատասխանությունն է ԵՄ չափանիշներին, հայտնում է 1lurer.am-ը:
«Հիմա՝ ընտրություններից հետո, նաև շատ կարևոր առիթ եմ համարում, որ մենք, ինչպես ասել եմ, Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը ռեստարտի ենթարկենք, որովհետև նախորդ շրջանում, այո, մենք հետևողական ենք եղել այդ բարեփոխումների ճանապարհին, բայց այն անընդհատ զուգակցվել է ինչ-որ մեծ խնդիրներով՝ COVID-19, պատերազմ, հետպատերազմական իրավիճակ։ Այսինքն՝ մենք գործնականում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի վրա լիարժեք կենտրոնանալու հնարավորություն իրականում չենք ունեցել։
Ընտրությունները, այս նոր շրջանը, ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների նոր մակարդակն ու նոր ծավալը մեզ համար ստեղծում են պատմական շանս, և մենք մեր ռազմավարությունը հստակ հայտարարել ենք։ Խնդիր համար առաջինը, որը մենք պետք է լուծենք, լիարժեք, անկեղծ և ամբողջական համապատասխանությունն է ԵՄ չափանիշներին։ Սա առաջին ռազմավարական խնդիրն է, որը մենք պետք է լուծենք, որից հետո արդեն առավել կոնկրետ իրագործման օրակարգ կարող է դառնալ Եվրոպական միության լիարժեք անդամ դառնալու խնդիրը, որն արդեն քաղաքական հարց է։
Բայց, ինչպես նախկինում ասել եմ, երբ մենք լիարժեք և անկեղծորեն համապատասխան կլինենք ԵՄ չափանիշներին, դա մեզ հնարավորություն կտա լինել ԵՄ լիարժեք անդամ։ Սակայն դա նաև քաղաքական հարց է, որը կախված է ամենատարբեր գործոններից»,-ասել է նա:
Փաշինյանը հավելել է, որ եթե մեզ հաջողվի դառնալ ԵՄ անդամ, դա կլինի շատ մեծ ձեռքբերում։
«Եթե ինչ-որ պատճառով ԵՄ-ը որոշի, որ այլևս չի ընդլայնվում, այդ դեպքում մենք նույնպես մեծապես շահած դուրս կգանք, որովհետև կլինենք երկիր, որը լիարժեք համապատասխանում է ԵՄ չափանիշներին։
Սա ԵՄ-ի համար չի արվում, սա արվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության համար, և սա այն ռազմավարական նպատակն է, որը մենք հետապնդում ենք։
Իհարկե, նոր հնարավորությունները, որոնք բացվում են տարածաշրջանային կապուղիների բացման հետ կապված, նույնպես շատ կարևոր են։ Ի վերջո, նախընտրական շրջանում ես առիթ եմ ունեցել բազմիցս ասելու, որ Հայաստանը կոնֆլիկտի փակուղուց վերածվում է խաղաղության խաչմերուկի, և սա պատմական իրադարձություն է։ Մենք շնորհակալ ենք ԵՄ-ին, որ մեր այս ջանքերում հետևողականորեն և ամբողջապես աջակցում է ՀՀ-ին և Հայաստանի ժողովրդին, և, իհարկե, մենք դա շատ բարձր ենք գնահատում։
Նույնիսկ հիմա, երբ հետադարձ հայացք ենք գցում, աներևակայելի է, թե վերջին տարիներին ինչ արագությամբ են զարգացել ՀՀ-ԵՄ հարաբերությունները, և որևէ նշան չկա, որ զարգացման այդ տեմպերը դանդաղելու են, և ես դրա համար շատ ուրախ եմ»,- ասել է Փաշինյանը։
Հայաստանի արտահանման մոտ 80%-ը ԵՄ շուկայում կարող է ազատվել մաքսատուրքից, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում: Նա նաև ասել է, որ դուռ կբացվի հայկական խմիչքների և ոգելից խմիչքների Եվրոպական Միության միասնական շուկա արտահանման համար: