2 հուլիսի 2026 - 17:32 AMT
Առաջարկվում է ընտրելու իրավունք տալ վերջին 2 տարում փաստացի 1 տարին ՀՀ-ում ապրողներին

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քննարկվել է Ընտրական օրենսգրքում և Հանրաքվեի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է ընտրելու իրավունք տալ վերջին 2 տարում փաստացի 1 տարին ՀՀ-ում բնակվող ՀՀ քաղաքացիներին:

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթը ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը, հայտնում է Արմենպրեսը:

Ղազարյանը հայտնել է, որ փաթեթը լրամշակվել է Կառավարության առաջարկների հիման վրա։

«Առաջարկվող փոփոխություններով սահմանվում է, որ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն ընտրության օրը 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, որոնք քվեարկության օրվան նախորդող 48-րդ, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեպքում՝ 28-րդ օրվա դրությամբ դրան նախորդող 730 օրվա ընթացքում Հայաստանում փաստացի գտնվել են 366 և ավելի օր։

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում առաջարկվում է սահմանել, որ ընտրելու իրավունք ունեն քվեարկության օրը 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, որոնք ընտրությունն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրը առնվազն 6 ամսվա հաշվառում ունեն և քվեարկության օրվան նախորդող 48-րդ, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում՝ 28-րդ օրվա դրությամբ դրան նախորդող 730 օրվա ընթացքում Հայաստանում փաստացի գտնվել են 366 և ավելի օր»,- ասել է նա։

Նախագծով առաջարկվում է նաև հստակեցնել այն դեպքերը, որոնք չեն հաշվարկվի որպես Հայաստանի Հանրապետությունից բացակայություն։ Դրանք վերաբերում են հանրային ծառայության մեջ գտնվող անձանց՝ ծառայողական նպատակներով արտերկրում գտնվելուն, դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում ծառայություն անցնող անձի ընտանիքի անդամի՝ նրա հետ արտերկրում բնակվելուն, ինչպես նաև արտերկրում բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառությանը։

Օրենսդրական փաթեթով առաջարկվում են նաև ընտրողների ցուցակների ձևավորմանն ու վարմանը վերաբերող այլ փոփոխություններ։

Օրենսդրական փաթեթի հեղինակներն են ՔՊ խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Արուսյակ Մանավազյանը, Հասմիկ Հակոբյանը և Արուսյակ Ջուլհակյանը։