
Մեկնարկել են Գյումրի-Ախուրիկ և Երասխ հատվածներում երկաթուղու վերականգնմանն ուղղված գործընթացները, և այդ աշխատանքները շարունակվելու են։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ:
Նա նաև ընդգծել է, որ երկաթուղին ՀՀ սեփականությունն է, և դրա կառավարումը պետք է իրականացնի Հայաստանի Հանրապետությունը, հայտնում է Aysor.am-ը:
«Մանրամասները չեմ կարող ասել, այդ թվում աշխատանքային քննարկումների արդյունքում պետք է այդ հարցը լուծենք»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ աշխատանքային քննարկումները շարունակվելու են նաև Ռուսաստանի գործընկերների հետ, իսկ հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել և չի փոխվելու։
«Չեն փոխվելու օբյեկտիվ պատճառներով. մենք չենք կարող դիտորդի նման հետևել, թե ոնց կարող են այդ թվում մեր՝ գործողություններ չձեռնարկելու պատճառով միջազգային երկաթգծերը մտնել Հայաստան և Հայաստան մտնելով՝ շրջանցել Հայաստանը։ Չի կարող էդպիսի բան լինել»,-ասել է վարչապետը:
Հայաստանի երկաթուղային համակարգը 2008 թվականից կոնցեսիոն պայմանագրով կառավարվում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից, որը «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է։
Ավելի վաղ հայկական կողմը հայտարարել էր Գյումրի-Ախուրիկ և Երասխի ուղղություններով երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման անհրաժեշտության մասին։