
Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների ապօրինի ձեռքբերման և հրապարակման գործով կալանավորվել են գնդապետ Էդիկ Մալոյանը և ևս մեկ անձ։ Այդ մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից, տեղեկացնում է Factor.am-ը:
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների ապօրինի ձեռքբերման և հրապարակման վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ՊՆ զորամասի հրամանատար, գնդապետ Էդիկ Մալոյանի նկատմամբ։
ՔԿ-ի տվյալներով՝ Մալոյանը, չունենալով համապատասխան գաղտնի տեղեկություններին ծանոթանալու իրավունք, դրդել է այդ իրավունքն ունեցող զինծառայողին հրապարակել պետական գաղտնիք պարունակող տեղեկություն, այնուհետև հրապարակել է նաև իր կողմից ապօրինի ձեռք բերված գաղտնի տվյալները։
Նույն գործով պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու մեղադրանք է առաջադրվել նաև Ռ. Ջ.-ին։
Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկի հրամանատարի նախկին տեղակալ Էդիկ Մալոյանի ձերբակալության մասին հայտնի է դարձել հուլիսի 2-ի առավոտյան։ Նա «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներից է։