3 հուլիսի 2026 - 13:33 AMT
Ռուբինյանը խորհրդարանի նախագահ դառնալու դեպքում չի մնա Թուրքիայի հետ կարգավորման հատուկ ներկայացուցիչ

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու դեպքում չի շարունակի լինել Հայաստանի հատուկ ներկայացուցիչը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում։

«Քանի որ ես Ազգային ժողովի նախագահի թեկնածու եմ ընտրվել, այդ պաշտոնում ընտրվելու դեպքում ակնհայտորեն չեմ շարունակելու Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ լինել»,- ասել է Ռուբինյանը, հայտնում է Արմենպրեսը:

Հարցին, թե ով կարող է զբաղեցնել այդ պաշտոնը, Ռուբինյանը պատասխանել է, որ այս պահին նման տեղեկություն չունի։

«Որքան տեղյակ եմ, դեռ պարզ չէ, թե ով է լինելու։ Բնականաբար, վարչապետը և կառավարությունը կորոշեն»,- նշել է ԱԺ փոխնախագահը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը փակ գաղտնի քվեարկությամբ Հայաստանում նոր ձևավորվելիք խորհրդարանի ղեկավարի պաշտոնի թեկնածու է ընտրել Ռուբեն Ռուբինյանին, որն այժմ զբաղեցնում է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնը, ինչպես նաև ՀՀ ներկայացուցիչն է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում։