3 հուլիսի 2026 - 15:21 AMT
Ռուբինյան․ Թուրքիայում չեմ սովորել, 5 ամիս հետազոտություն եմ անցկացրել

ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը ճեպազրույցի ընթացքում հերքել է Թուրքիայում սովորելու մասին տարածվող տեղեկությունները։

«Սուտ համար 1. ասում են, որ ես սովորել և իմ ուսանողական տարիները անցկացրել եմ Թուրքիայում. ստում են՝ ես իմ ուսանողական տարիները անցկացրել եմ սկզբում Հայաստանում՝ ԵՊՀ-ում սովորելու տարիներին, հետո՝ Լոնդոնում, երբ մագիստրատուրա եմ ավարտել, հետո՝ Լեհաստանում, երբ կրկին մագիստրատուրա եմ ավարտել»,-ասել է նա, հայտնում է Aysor. am-ը:

Ռուբինյանը նշել է, որ Թուրքիայում համալսարան չի գնացել, ոչինչ չի սովորել:

«Թուրքական դիպլոմ չունեմ, չկա մի մարդ, որ ինձ դաս է տվել Թուրքիայում։ Ինչի՞ մասին է խոսքը. 2016-17 թվականներին 5 ամսով ես մասնակցել եմ «Հրանտ Դինքի» հիմնադրամի ծրագրին։ Հետազոտություն եմ իրականացրել, որը, ի դեպ, չեմ էլ ավարտել, որովհետև կեսից եկել եմ Հայաստան։ Եթե դա համարվում է «վերապատրաստում», դա մեղադրանք է»,-ասել է Ռուբինյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը փակ գաղտնի քվեարկությամբ Հայաստանում նոր ձևավորվելիք խորհրդարանի ղեկավարի պաշտոնի թեկնածու է ընտրել Ռուբեն Ռուբինյանին, որն այժմ զբաղեցնում է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնը, ինչպես նաև ՀՀ ներկայացուցիչն է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում։