4 հուլիսի 2026 - 14:57 AMT
Հայրապետյանը ներկայացրել է ներառական ԱԲ զարգացման Հայաստանի տեսլականը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը Apolitical-ի «Government AI Campus» նախաձեռնությանը։

Նա նշել է, որ Հայաստանի նպատակն է արհեստական բանականությունը դարձնել տնտեսական աճի, պետական կառավարման արդիականացման և հանրային ծառայությունների որակի բարձրացման կարևոր շարժիչ ուժ։ Այդ նպատակին հասնելու համար, ըստ նրա, անհրաժեշտ է զարգացնել ժամանակակից թվային ենթակառուցվածքները, ընդլայնել հաշվողական ռեսուրսների հասանելիությունը, խթանել ԱԲ գրագիտությունը և պատրաստել նոր սերնդի մասնագետներ։

Հարցազրույցի հիմնական շեշտադրումներից մեկը վերաբերել է ԱԲ գրագիտությանը, որը, նախարարի գնահատմամբ, պետք է դառնա ազգային առաջնահերթություն։ Նրա խոսքով՝ միայն տեխնոլոգիական ենթակառուցվածքների առկայությունը բավարար չէ․ անհրաժեշտ է, որպեսզի պետական ծառայողները, մասնավոր հատվածի ներկայացուցիչները, կրթական համակարգի մասնակիցներն ու քաղաքացիները ձեռք բերեն գիտելիքներ և հմտություններ, որոնք թույլ կտան ԱԲ գործիքներն օգտագործել լիարժեք, արդյունավետ և պատասխանատու կերպով, հայտնում է ԲՏԱ նախարարությունը:

Անդրադառնալով պետական կառավարման ոլորտում արհեստական բանականության կիրառմանը՝ Հայրապետյանը նշել է, որ այն կարող է նպաստել կառավարման արդյունավետության բարձրացմանը, հանրային ծառայությունների որակի բարելավմանը, խարդախությունների բացահայտմանը, ինչպես նաև տվյալահեն և առավել հիմնավորված որոշումների ընդունմանը։

Միաժամանակ նախարարը կարևորել է ԱԲ կիրառման հետ կապված ռիսկերի արդյունավետ կառավարումը՝ ընդգծելով, որ այդ տեխնոլոգիան կարող է մասշտաբավորել ոչ միայն արդյունավետությունը, այլև սխալները։ Նրա խոսքով՝ կողմնակալությունը, անձնական տվյալների պաշտպանության ռիսկերը, կիբեռանվտանգության մարտահրավերները, գեներացված բովանդակությունից չափազանց մեծ կախվածությունը և թափանցիկության պակասը կարող են բացասաբար ազդել հանրային վստահության վրա։ Այդ պատճառով, ըստ նախարարի, պետական կառավարման բոլոր ոլորտներում, այդ թվում՝ առողջապահության համակարգում, անհրաժեշտ է ապահովել էթիկայի, մարդու իրավունքների պաշտպանության, հաշվետվողականության և արդյունավետ վերահսկողության սկզբունքների պահպանումը։

Նախարարը նաև ընդգծել է, որ արհեստական բանականությունը պետք է ոչ թե փոխարինի մարդուն, այլ աջակցի նրան՝ ավելի արդյունավետ որոշումներ կայացնելու հարցում։ Նա կարևորել է նաև ԱԲ հնարավորությունների հավասար հասանելիության ապահովումը՝ նշելով, որ Հայաստանը զարգացնում է ամբողջական էկոհամակարգ, որը համադրում է համաշխարհային մակարդակի ենթակառուցվածքները, հասանելի հաշվողական ռեսուրսները, կրթական հնարավորությունները և լայն ներգրավվածությունը։

Խոսելով տեխնոլոգիաների ազդեցության մասին՝ Մխիթար Հայրապետյանը նշել է, որ արհեստական բանականությունը ոչ թե կսահմանափակի, այլ կընդլայնի մարդու ստեղծարար ներուժը։ Նրա խոսքով՝ թվային լուծումներն ու ավտոմատացումը մարդկանց հնարավորություն կտան ավելի քիչ ժամանակ հատկացնել առօրյա տեխնիկական և բյուրոկրատական աշխատանքներին, փոխարենը կենտրոնանալ ստեղծարարության, նորարարության, քննադատական մտածողության և մարդկային դատողություն պահանջող որոշումների կայացման վրա։

Հարթակում հրապարակվում են հարցազրույցներ այն երկրների քաղաքականություն մշակողների և պետական ոլորտի ղեկավարների հետ, որոնք առաջատար դեր են ունեցել արհեստական բանականության (ԱԲ) ներդրման, կարողությունների զարգացման և կարգավորման գործընթացներում։