
Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նդեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլը մասնակցել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչների համար անցկացված Building Integrity («Բարեվարքության ամրապնդում») դասընթացի փակման արարողությանը։
Հունիսի 29-ից հուլիսի 3-ը կազմակերպված մեկշաբաթյա դասընթացն անցկացրել են Մեծ Բրիտանիայի փորձագետները։ Այն համախմբել է պաշտպանության ոլորտի տարբեր ուղղություններ ներկայացնող մասնագետների՝ ռազմական կրթության, գնումների, լոգիստիկայի, անձնակազմի կառավարման, բարոյահոգեբանական ապահովման և հետաքննությունների ոլորտներից։
Սա դարձել է Մեծ Բրիտանիայի Building Integrity աջակցության ծրագրի շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարարության համար կազմակերպված առաջին դասընթացավարների պատրաստման դասընթացը։ Մասնակիցները հնարավորություն կունենան իրենց ստորաբաժանումներում տարածել բարեվարքության, հաշվետվողականության և հակակոռուպցիոն սկզբունքները, ասվում է դեսպանության հաղորդագրության մեջ։
Դեսպան Քոուլը նշել է. «Այս շաբաթը միայն դասընթացի ավարտի մասին չէր։ Կարևորն այն է, թե ինչ է լինելու հետո։ Յուրաքանչյուր մասնակից այժմ կարող է այս սկզբունքները փոխանցել իր թիմին և նպաստել, որ բարեվարքությունը, հաշվետվողականությունն ու առաջնորդությունը դառնան ամենօրյա աշխատանքի մաս։ Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի պաշտպանության նախարարությանը այս բարեփոխումների ճանապարհին և Մեծ Բրիտանիա-Հայաստան ռազմավարական գործընկերության իրականացմանը»:
Մեծ Բրիտանիան 2023 թվականից աջակցում է Հայաստանի պաշտպանության նախարարությանը Building Integrity և ներքին աուդիտի ուղղություններով՝ նպաստելով պաշտպանական բարեփոխումների իրականացմանը, ներքին վերահսկողության համակարգի ամրապնդմանը և հանրային վստահության բարձրացմանը։