6 հուլիսի 2026 - 11:11 AMT
Գալստյանը ԵԱՀԿ ԽՎ-ում հորդորել է Բաքվից պահանջել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը Հաագայում ԵԱՀԿ ԽՎ Ժողովրդավարության, մարդու իրավունքների և մարդասիրական հարցերի ընդհանուր հանձնաժողովում ունեցած ելույթում հորդորել է Բաքվից պահանջել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին: Այդ մասին նա հյատնել է ֆեյսբուքյան իր էջում:

Իր ելույթում նա նշել է, որ վերջին չորս տարիների ընթացքում մշտապես բարձրաձայնել է երկու առանցքային խնդիր՝ Ադրբեջանի կողմից իրականացված Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումները և Հայաստանում ժողովրդավարության հետընթացը, գրում է Sputnik Արմենիան:

«Պորտոյում մեր տարեկան նստաշրջանում ես առաջարկեցի միջազգային առաքելություն ուղարկել Բաքու՝ Լեռնային Ղարաբաղի նախկին քաղաքական առաջնորդների կեղծ դատավարությունները վերահսկելու և հայկական մշակութային ժառանգության շարունակական քայքայումը գնահատելու համար։ Առաջարկին ոչ ոք չաջակցեց։ Չգործելով՝ մենք թույլ տվեցինք Ադրբեջանին շարունակել իր խախտումները։

Այսօր առնվազն 19 հայ, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Մանուկյանը և ուրիշներ, մնում են անօրինական կերպով կալանավորված։ Նրանք շարունակում են ենթարկվել խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի, մինչդեռ նույնիսկ Միջազգային կարմիր խաչի մուտքն արգելվել է»,–նշել է Գալստյանը։

Նա ընդգծել է, որ տեղի ունեցողը մեկուսացված անարդարություն չէ, այլ ավելի լայն քաղաքականության բաղկացուցիչ մաս, որն ընդգրկում է Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, նրա բնիկ բնակչության բռնի տեղահանումը, հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը և այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգի առաջմղումը, որն օգտագործվում է Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու նպատակով։

Գալստյանը շեշտել է, որ Ադրբեջանի իրականացրած քաղաքականությանը համարժեք արձագանք չտալով՝ թուլանում են հենց այն հիմնարար չափանիշները, որոնց վրա հիմնվել է ԵԱՀԿ-ն։

Քաղաքական գործիչը նաև հայտարարել է, որ Հայաստանը շարունակում է բախվել լուրջ ժողովրդավարական մարտահրավերների։ Նրա խոսքով՝ միջազգային կազմակերպություններն անհանգստություն են հայտնել իշխանության կենտրոնացման և ժողովրդավարական ինստիտուտների թուլացման առնչությամբ։

«ՀՀ խորհրդարանական ընտրությունները ներկայացվում էին որպես աշխարհաքաղաքական ընտրության համար պայքար։ Մինդեռ հայ ընտրողների մեծամասնությունը մերժեց Հայաստանին պարտադրվող զիջումները, ժողովրդավարության դեմ իրականացված հանցագործությունները, խորացող բռնապետական ռեժիմը, քաղաքական ձերբակալություններն ու քաղաքական հետապնդումները, Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ հակասահմանադրական հարձակումները»,–նշել է նա։

Գալստյանը կոչ է արել վեհաժողովին «Հայաստանում իրականացնել «ժողովրդավարության» մոնիտորիգ, Բաքվից պահանջել ապօրինաբար կալանավորված բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը, ապահովել Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պաշտպանությունը և վերահաստատել նրա բնիկ բնակչության երաշխավորված վերադարձի իրավունքը»։

Նա հիշեցրել է, որ այդ քայլերը պարզապես բարոյական հրամայական չեն, այլ նաև իրավական պարտավորություն։

Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:

ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման:

Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։