6 հուլիսի 2026 - 11:32 AMT
Ռուբինյան․ «Ուժեղ Հայաստանը» մանդատները վերցնելու է՝ փորձելով խուսափել արդարադատությունից

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանի ղեկավարի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքը որոշելով վերցնել մանդատները՝ փորձում է խուսափել արդարադատությունից: Նա այդ մասին ասել է ֆեյսբուքյան եթերում:

«Կալուգացիները կվերցնեն մանդատները, որպեսզի դրանք օգտագործելով փորձեն խուսափել արդարադատությունից։ Չի ստացվելու։

Բոլոր ընտրակեղծարարները, ընտրակաշառատուները, հանցագործները, կոռուպցիոներները և պարզապես տարբեր կալիբրի գործակալները պատժվելու են մինչև վերջին մարդը։ Իսկ բոլոր նրանք, որոնք այս տարիների կամ ամիսների ընթացքում իրենց լեզվին ազատություն են տվել և հատել են մարդկային պարկեշտության բոլոր սահմանները, նրանց մենք առանձնահատուկ ոգևորությամբ ենք սպասում Ազգային ժողովում և քաղաքականապես ոչնչացնելու ենք՝ կրկին մինչև վերջին մարդը»,- ասել է Ռուբինյանը։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ դաշինքը որոշում է կայացրել վերցնել հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ստացած մանդատները։ Կարապետյանն ասել է, որ իրենք փորձելու են համադրել փողոցային պայքարն ու օրենսդիրում իրենց մանդատները, որպեսզի հասնեն փոփոխությունների։

Սահմանադրական դատարանը մերժել է 7 ուժերի հայցը. այսպիսով, ընտրությունների վերջնական արդյունքներով խորհրդարան են անցնում՝ «Քաղաքացիական պայմանագիր»` 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան»` 29 մանդատ, «Հայաստան»` 12 մանդատ: