29 հունիսի 2009 - 16:00 AMT
ՀՀ ՊՆ-ն անում է ամեն ինչ, որպեսզի պարզի անհայտ կորած ազատամարտիկների ճակատագիրը
ՀՀ ՊՆ կողմից ձեռնարկվել են բազմաթիվ եւ բազմատեսակ փորձեր` իմանալու անհայտ կորած ազատամարտիկների ճակատագիրը: Այդ մասին այսօր Հայաստանի անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվան նվիրված միջոցառման ժամանակ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Մասնավորապես, նրա խոսքերով, Հայաստանի ՊՆ-ը համագործակցում է տարբեր հասարակական կազմակերպությունների հետ, ինչպիսիք են օրինակ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, քանի որ Ադրբեջանի կառավարության հետ անմիջական համագործակցություն, անհայտ կորած ազտամարտիկների ճակատագիրը պարզելու համար, հնարավոր չէ:

Միաժամանակ Սեյրան Օհանյանն ավելացրել է, որ այդպիսի հարցում առաջանում են որոշակի դժվարություններ` կապված բազմաթիվ գործոնների հետ: «Վերջերս իմ Մոսկվա կատարած այցելության ժամանակ ես զինծառայողի մահվան հանգամանքների բացահայտման ականտես եմ եղել, որը զոհվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարարը:

ՀՀ պաշտպանության նախարարը, Հայաստանի բարձրաստիճան զինվորական գործիչները, ինչպես նաեւ «Միասին» երիտասարդական շարժման ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր», որտեղ հարգել են Հայաստանի անհայտ կորած ազատամարտիկների հիշատակը:

Հայաստանի անհայտ կորած ազատամարտիկների օրը նշվում է 2000-ից:

Այդ օրվան նվիրված միջոցառումները կշարունակվեն Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը: