6 հուլիսի 2026 - 15:07 AMT
Տնօրենի ԺՊ․ «Արարատցեմենտի» վարչական շենքի մուտքն ու աշխատասենյակները կապարակնքված են

«Արարատցեմենտ» գործարանում իրականացված քննչական գործողություններն ավարտվել են, և Քննչական կոմիտեի աշխատակիցները հեռացել են, սակայն վարչական շենքի մուտքն ու աշխատասենյակները կապարակնքված են։ Այդ մասին հայտնել է գործարանի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Պողոսյանը, գրում է Sputnik Արմենիան «Կենտրոն» հեռուստաընկերության վրա հղումով:

«Առավոտյան մոտավորապես 7։30 միանգամից լայնածավալ «գրոհել են»՝ անգամ անվտանգության աշխատակիցներին վախեցնելով, ուժ գործադրելով, սպառնալով, թե կձերբակալեն և այլն։ Գործարանը հերթափոխով է աշխատում․ տեղում գտնվող աշխատակիցներին հանել են, իսկ հերթափոխն ընդունող աշխատակիցներին թույլ չեն տվել ներս մտնել՝ պարալիզացնելով 1000-ից ավելի աշխատակից ունեցող գործարանի աշխատանքը»,- պատմել է Արտյոմ Պողոսյանը։

Նրա խոսքով՝ ՔԿ աշխատակիցները ներկայացրել են դատարանի որոշում, որում, սակայն, նշված է եղել, թե աշխատասենյակներում, հարակից տարածքներում խուզարկությունն արգելվում է։

«Երբ մատնանշեցինք այդ հատվածը, իրենց պատասխանն այն էր, թե մենք մեր գործողություններն ենք անում. գնացեք, բողոքեք»,- նշել է Պողոսյանը։

Նրա գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակի հետևանքով գործարանի աշխատանքին զգալի վնաս է հասցվում։ Նա առանձնացրել է ավելի քան 1000 աշխատակցի վարձատրության հարցը՝ հավելելով, որ դադարեցվել է նաև ցեմենտի բարձումը, ինչի հետևանքով, Պողոսյանի խոսքով, երկրում իրականացվող շինարարական աշխատանքները ևս կարող են կոլապսի ենթարկվել։

ՔԿ աշխատակիցներն արդեն հեռացել են։ Պողոսյանի խոսքով՝ գործարանից ոչինչ չի առգրավվել, սակայն դեռևս անհասկանալի է, թե ինչպես է այն շարունակելու աշխատանքը կապարակնքված դռների պայմաններում։

Վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը, ինչպես նաև նրան պատկանող տարբեր օբյեկտներում, այդ թվում՝ «Օլիմպավան» մարզաառողջարանային համալիրում, Երևանի «Արարատ» կոնյակի-գինու, օղու կոմբինատում, հյուրանոցներում, «Արարատցեմենտ» գործարանում և այլ վայրերում։ ՔԿ-ից հայտնել են, որ մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին Լոռու մարզի Շնող համայնքում քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ շատ շուտով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի բիզնես- ողնաշարը Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է ՀՀ-ին, նշանակվելու է ժամանակավոր կառավարիչ։ Ավելի ուշ Ծառուկյանն արձագանքեց այս հայտարարությանը` նշելով, որ եթե գործող իշխանությունը խլի գործարանը, դրա պատասխանը տալու է ամբողջ պետությունը, քանի որ դա մասնավոր սեփականություն է։ Մայիսի 20-ին ՀՀ դատախազությունը հայտարարեց, որ «Արարատցեմենտի» մասնավորեցման գործընթացում խախտումներ են հայտնաբերվել։