6 հուլիսի 2026 - 15:47 AMT
Դատախազությունը պահանջել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ հողամասի վարձակալությունը

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը միջնորդագիր է ուղարկել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին և Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարին՝ 2004 թվականի հոկտեմբերի 20-ին ՊՈԱԿ-ի և Արայիկ Հայրապետյանի միջև կնքված՝ Սևանա լճի ափամերձ՝ 3100 քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու (դադարեցնելու) ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրել է ՊՈԱԿ-ի և Արայիկ Հայրապետյանի միջև կնքված վարձակալության պայմանագիրը և դրան առնչվող փաստաթղթերը։

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը սահմանված է եղել մինչև 2011 թվականի ապրիլի 8-ը, սակայն պայմանագիրը շարունակել է գործել անորոշ ժամկետով։

Վերոնշյալի հիման վրա, ինչպես նաև ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 612-րդ հոդվածի 2-րդ մասով, որի համաձայն՝ անորոշ ժամկետով անշարժ գույքի վարձակալության պայմանագիր կնքված լինելու դեպքում կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի ցանկացած ժամանակ հրաժարվել պայմանագրից՝ այդ մասին մյուս կողմին երեք ամիս առաջ տեղեկացնելով, ՊՈԱԿ-ին միջնորդագիր է հասցեագրվել՝ վարձակալության պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։