6 հուլիսի 2026 - 18:34 AMT
ՌԴ դեսպանին Ադրբեջանի ԱԳՆ են կանչել․ ԱԹՍ-ի հարվածից Ուկրաինայում վնասվել է SOCAR-ի բենզալցակայանը

Հուլիսի 6-ին Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Միխայիլ Եվդոկիմովը հրավիրվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Հանդիպման ընթացքում խիստ բողոք է արտահայտվել այն կապակցությամբ, որ հուլիսի 5-ի երեկոյան Ուկրաինայի Նիկոլաևի մարզում գտնվող SOCAR-ի բենզալցակայանը ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման, և ռուսական կողմին հանձնվել է համապատասխան բողոքի նոտա, գրում է APA-ն:

Հանդիպման ընթացքում հիշեցվել է, որ անօդաչու թռչող սարքի այս հարձակումը առաջին դեպքը չէ։ Նշվել է, որ նախկինում Ուկրաինայում գտնվող SOCAR-ի այլ օբյեկտներ, այդ թվում՝ գազաբաշխիչ կոմպրեսորային կայանը և Օդեսայում գտնվող նավթաբազան, նույնպես ենթարկվել են ռազմական հարվածների և ռազմական գործողությունների այլ կործանարար հետևանքների, ինչի արդյունքում պատճառվել է զգալի նյութական վնաս, իսկ ընկերության աշխատակիցների շրջանում եղել են վիրավորներ։

Հայտարարվել է, որ, չնայած բազմիցս հնչեցված նախազգուշացումներին, նման դեպքերի շարունակականությունը վկայում է հարձակումների նպատակային բնույթի մասին։

Հանդիպմանը նաև ուշադրություն է հրավիրվել մի շարք ավիահարվածների վրա, որոնց հետևանքով վնասվել են Կիևում Ադրբեջանի դեսպանատան և Խարկով քաղաքում պատվավոր հյուպատոսության շենքերը։ Ընդգծվել է Դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների շենքերի պաշտպանության վերաբերյալ Վիեննայի կոնվենցիաներով սահմանված պարտավորությունների խիստ պահպանման կարևորությունը։

Ռուսական կողմին կոչ է արվել իրականացնել նշված բոլոր դեպքերի համապարփակ քննություն, ներկայացնել տեղի ունեցածի վերաբերյալ համապատասխան պարզաբանումներ, ինչպես նաև պահպանել քաղաքացիական օբյեկտների և դիվանագիտական ներկայացուցչությունների պաշտպանության վերաբերյալ միջազգային պարտավորությունները։