
«Հայաստան» դաշինքը դատապարտել է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի շրջանակներում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը, ինչպես նաև վերջինիս ընտանիքի անդամներին պատկանող ձեռնարկություններում իրականացված գործողությունները։ Այդ մասին ասվում է դաշինքի հայտարարության մեջ:
«Փաստում ենք.
Ուժային կառույցները քաղաքական մահակի վերածելու և ընդդիմախոսներին ճնշելու գործող վարչախմբի գործելաոճը դուրս է իրավական որևէ տրամաբանությունից և արտացոլում է իշխող վարչախմբի վախերը։
Սեփականության իրավունքի ոտնահարումն ու տնտեսական տեռորը ուղղակի հարված են երկրի ներդրումային միջավայրին և տնտեսական անվտանգությանը։
Ակնհայտ է, որ այսպիսի գործողություններով իշխող վարչախումբը փորձում է քողարկել լեգիտիմության ճգնաժամը և հակապետական նպատակների իրագործման ճանապարհին վերացնել հնարավոր դիմադրության բոլոր օջախները։
Մեր աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և քաղաքական դրդապատճառներով հետապնդվող բոլոր անձանց։
Հրավիրում ենք միջազգային բոլոր դերակատարների ուշադրությունը Հայաստանում հետընտրական զարգացումներին և կոչ անում հստակ գնահատականներով կանխել Հայաստանում ավտորիտար ռեժիմի ամրապնդումը»,- նշված է հայտարարության մեջ։
Հուլիսի 6-ի վաղ առավոտից ԱԱԾ, ՊԵԿ, ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները 70-ից ավելի հասցեներում՝ Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող ընկերություններում, իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ: Ծառուկյանը ձերբակալվել է: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Ծառուկյանի խափանման միջոցի քննությունը: