7 հուլիսի 2026 - 12:27 AMT
«Միասնության թևեր»․ Ծառուկյանի ձերբակալության հիմքում կառավարության ղեկավարի քաղաքական հրահանգն է

«Միասնության թևեր» կուսակցությունը հայտարարել է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդման, նրա բնակարանում և ընկերություններում իրականացված խուզարկությունների, ինչպես նաև ձերբակալության «հիմքում կառավարության ղեկավարի քաղաքական հրահանգն է»:

«Մասնավորապես, իններորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական մրցակից Գագիկ Ծառուկյանի հասցեին հնչեցրել է այնպիսի սպառնալիքներ, որոնք կարող է իրագործել բացառապես իրավապահ մարմինների միջոցով։

Ակնհայտ է նաև, որ այսօրվա գործողությունների «հիմքերը» իշխանությունը պատրաստ ուներ մեկ, չորս կամ ութ ամիս առաջ, սակայն իր քաղաքական հաշվարկներից և պահի նպատակահարմարությունից ելնելով՝ դրանք գործադրում է հենց հիմա՝ այդ նպատակով օգտագործելով իրավապահ մարմինները։

Հանցագործությունների դեմ պայքարի մեխանիզմը ծառայեցվում է Կառավարության ղեկավարի քաղաքական շահերին։ Հատկանշական է, որ Կառավարության ղեկավարը նման իրավասություն ընդհանրապես չունի։ Այս պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները ևս դադարում են գործել, որպեսզի հանկարծ չստացվի, թե քաղաքական ղեկավարի հրահանգը ոչ պատշաճ է կատարվում։ Սրա վառ օրինակն են փաստաբանական աշխատանքի խոչընդոտման վերաբերյալ այսօրվա հայտարարությունները։

Այսքանով հանդերձ, հարցը Գագիկ Ծառուկյանի անձը չէ։ Հարցը շատ ավելի խորքային է․ երկրի իրավական համակարգում փաստացի չի գործում հակակշիռների համակարգը։ Այս ամենը սկզբունքորեն հակադրվում է ժողովրդավարության և իրավունքի գերակայության պահանջներին:

«Միասնության թևեր» կուսակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական նպատակներով իրավապահ համակարգի օգտագործման այս վտանգավոր գործելաոճը և հայտարարում, որ նման ընթացքը հարված է ոչ միայն կոնկրետ անձի կամ քաղաքական ուժի, այլ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին, իրավական պետության հիմքերին և քաղաքացու ազատությանը»,-ասվում է հայտարարության մեջ:

Հուլիսի 6-ի վաղ առավոտից ԱԱԾ, ՊԵԿ, ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները 70-ից ավելի հասցեներում՝ Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող ընկերություններում, իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ: Ծառուկյանը ձերբակալվել է: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Ծառուկյանի խափանման միջոցի քննությունը: