7 հուլիսի 2026 - 16:35 AMT
Սաղաթելյան․ Կուսակցությունները և հանրահավաքներ են անցկացնելու, և փողոցային պայքարի են դուրս գալու

Ընդդիմադիր դաշտի մի շարք կուսակցություններ և՛ հանրահավաքներ են անցկացնելու, և՛ փողոցային պայքարի են դուրս գալու` համախմբվելով նույն օրակարգի շուրջ, հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ, որտեղ ընթանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունը։

Նա անդրադարձել է ընդդիմադիր դաշտի մի շարք կուսակցությունների հայտարարությանը, որը վերաբերում է կարևոր օրակարգային հարցերի շուրջ ձևավորված համախոհությանը, գրում է Sputnik Արմենիան:

«Այդ օրակարգի հարցերը պետք է բացվեն, սպասարկվեն, ու դրա շուրջ պետք է ձևավորվի ճանապարհային քարտեզ։ Բնականաբար և՛ հանրահավաքներ են լինելու, և՛ փողոցային պայքար։ Այստեղ խնդիրն այն է, թե երբ, ինչ կառուցվածքով ու ինչ ուժերով է լինելու»,– նշել է Սաղաթելյանը։

Նա նաև ընդգծել է, որ ազգային մտածողություն ունեցող մարդիկ Հայաստանում հետապնդվելու են, քանի որ, ըստ նրա, չեն սպասարկում թուրք-ադրբեջանական օրակարգը։ Քաղաքական գործչի խոսքով՝ նույնիսկ այն գործարարները, որոնք քաղաքականությամբ չեն զբաղվում և չեն հաշտվի թրքացման գործընթացի հետ, նույնպես հետապնդվելու են։

Հուլիսի 6-ի առավոտյան դիմակավորված հատուկջոկատայինները մուտք են գործել Գագիկ Ծառուկյանի առանձնատուն։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ քննչական գործողություններ են իրականացվել նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Նույն օրը երեկոյան Ծառուկյանը ձերբակալվել է։ Գործարարն ու ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։