
Ռուսաստանի «Կրասնոդարը» պաշտոնապես հաստատել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիայի «Ալ Ահլի» ակումբ:
26-ամյա կիսապաշտպանն «Ալ Ահլիի» հետ կնքել է 3 տարվա պայմանագիր՝ այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ տրանսֆերի արժեքը կազմել է 25 միլիոն եվրո:
Ըստ աղբյուրների՝ «Ալ Ահլիում» Սպերցյանի տարեկան աշխատավարձը կկազմի 5 միլիոն եվրո՝ չհաշված բոնուսները, նա նաև 10% կստանա հաջորդ տրանսֆերից, գրում է Forbes.ru-ն:
Նշվում է, որ Սպերցյանը տարեկան կվաստակի 8 մլն եվրո:
Ֆուտբոլիստի գործակալ Վադիմ Օհանյանն ասել է, որ Սպերցյանի համար դա, անշուշտ, մեկ քայլ առաջ կլինի, քանի որ Սաուդյան Արաբիայի առաջնությունում հանդես են եկել այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Քրիշտիանու Ռոնալդուն, Նեյմարը և այլոք:
Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 185 հանդիպում՝ դառնալով 58 գոլի և 44 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։
«Ալ Ահլին» Ասիայի Չեմպիոնների լիգայի գործող հաղթողն է: