7 հուլիսի 2026 - 17:54 AMT
Գյումրիում դեռ 2465 տնակ կա․ Քննարկվել են ներդրումային առաջնահերթությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Երևան և Գյումրի համայնքներում ՀՀ կառավարության ներդրումային առաջնահերթությունների պլանը։ Ներկայացվել են երկու քաղաքներում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները, որոնք ամրագրվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում, բխում են վարչապետի հանձնարարականներից և պահանջում են կառավարության ֆինանսական կամ ինստիտուցիոնալ աջակցությունը։

Մինչ խնդիրների և առաջարկվող լուծումների ներկայացումը Նիկոլ Փաշինյանը նշել է. «Իհարկե, 2026 թվականի նախընտրական քարոզարշավից առաջ էլ այդ թեմայով խոսել ենք, բայց նախընտրական քարոզարշավի շրջանակում շրջայցերի ընթացքն ավելի ակնհայտ դարձրեց, որ Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումներն ավելի հասցեական դարձնելու և որոշակի կոնկրետ ծրագրեր իրականացնելու անհրաժեշտություն ունենք: Սա պայմանավորված է առաջին հերթին նրանով, որ թե՛ Երևանի, թե՛ Գյումրիի կառավարման գործընթացների առանձնահատկությունների բերումով 2018 թվականից ի վեր, այնուամենայնիվ, որոշակի ժամանակ է կորսվել, և այդ կորսված ժամանակը լրացնելու համար որոշակի ակտիվություն է ակնկալվում Կառավարության կողմից»։

Վարչապետը հավելել է, որ այդ նպատակով հանձնարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ Երևանի քաղաքապետարանի և Շիրակի մարզպետարանի հետ համատեղ մշակել ավելի հստակ պատկերացում այն ծրագրերի վերաբերյալ, որոնք պետք է իրականացվեն երկու քաղաքներում՝ նշված խնդիրների առավել արդյունավետ լուծման համար։

Այնուհետև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը ներկայացրել է Երևանի համար նախատեսված ներդրումային առաջնահերթություններն ու դրանց փուլային իրականացման ուղղությամբ նախատեսված քայլերը։

Ներկայացվել են Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ առանձնացված այն ծրագրերը, որոնք առաջիկա տարիներին կարող են առավել մեծ ազդեցություն ունենալ բնակիչների կյանքի որակի, քաղաքային ենթակառուցվածքների և տնտեսական զարգացման վրա։ Այդ համատեքստում առանձնացվել է շուրջօրյա ջրամատակարարման ապահովման հարցը՝ ընդգծելով ենթակառուցվածքների զգալի մաշվածությունը, ջրի մեծ կորուստներն ու ջրային ռեսուրսների անբավարարությունը։ Նշվել է, որ կորուստների նվազեցման նպատակով անհրաժեշտ է ներդրումներ կատարել նոր ջրաղբյուրների ներգրավման և համակարգի արդիականացման ուղղությամբ։

Տարեկան մինչև 50 կիլոմետր ճանապարհաշինության ծրագրի մասով զեկուցվել է, որ վարչապետի հանձնարարությամբ այն ներառվել է ՏԿԵՆ-ի կողմից իրականացվող 500 կիլոմետր ճանապարհաշինական ծրագրում։ Արդեն ընթանում են 2027 թվականի համար նախատեսված 50 կիլոմետր հիմնանորոգման ենթակա ճանապարհահատվածների նույնականացման և պլանավորման աշխատանքները, իսկ 2026 թվականի ընթացքում նախատեսվում են միջին նորոգման աշխատանքներ։

Անդրադարձ է կատարվել նաև Հանրային ներդրումային կոմիտեի ութերորդ նիստում հաստատված մետրոպոլիտենի զարգացման և արդիականացման ծրագրերին, այդ թվում՝ նոր կայարանների կառուցմանը, էլեկտրական քաղաքային տրանսպորտի լուծումներին և շարժունակության խթանմանը։

«Կոնդ» թաղամասի քաղաքաշինական միջավայրի արդիականացման ծրագրով նախատեսվում է կառուցել հետիոտնային և ավտոմոբիլային ճանապարհներ, ինժեներական ենթակառուցվածքներ, իրականացնել արտաքին լուսավորության, կանաչապատման և բարեկարգման աշխատանքներ։ Նախատեսվում է սկսել նախագծման և վերակառուցման գործընթացները։

Ներկայացվել են նաև այլ առաջնահերթ ներդրումային ծրագրեր, այդ թվում՝ կամուրջների վերականգնումը, ջրահեռացման ցանցերի և վերելակային տնտեսության արդիականացումը, ճանապարհային հանգույցների կառուցումը, ինչպես նաև քաղաքի զարգացման համար կարևոր այլ խոշոր ենթակառուցվածքային նախաձեռնություններ։

Այնուհետև Առնակ Ավետիսյանը ներկայացրել է Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունները։

Առաջին հերթին անդրադարձ է կատարվել շուրջօրյա ջրամատակարարմանը։ Նշվել է, որ թեև քաղաքում ապահովվում է 24-ժամյա ջրամատակարարում, ծանրաբեռնված օրերին պարբերաբար գրանցվում են անջատումներ, ուստի անհրաժեշտ է արդիականացնել ջրամատակարարման համակարգերը։

Զբոսաշրջային կլաստերի ձևավորման նպատակով «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրով Գյումրիում արդեն իրականացվել է մոտ 6․6 միլիարդ դրամի ներդրում։ «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագրով» նախատեսվում է իրականացնել ևս 16․5 միլիոն դոլարի ներդրում։ Առաջարկվել է ծրագրում ներառել նաև Հաղթանակի զբոսայգու, կենտրոնական շուկայի և Մանուշյան փողոցում գտնվող շատրվանի հիմնանորոգումը՝ քաղաքի համաչափ զարգացման նպատակով։

Առանձին անդրադարձ է կատարվել տնակների խնդրի վերջնական լուծմանը։ Ներկայացվել է, որ 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Գյումրիում առկա է 2465 տնակ։ Նախնական գնահատականներով՝ դրանցում բնակվող շուրջ 596 ընտանիքի նկատմամբ կառավարությունն ունի տարբեր ձևերով փոխհատուցման պարտավորություն։ Կարևորվել է փոխհատուցման տրամադրման և տնակների փաստացի ապամոնտաժման փոխկապակցված արդյունավետ մեխանիզմների ներդրումը, որպեսզի խնդիրը վերջնական լուծում ստանա։

Անի և Ավստրիական թաղամասերի 37 փողոցների հիմնանորոգման մասով նշվել է, որ նախագծման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։ Առաջարկվել է զուգահեռ բարեկարգել բակերը, կառուցել խաղահրապարակներ, մինի ֆուտբոլի դաշտեր և անցկացնել լուսավորության ցանց։

Առնակ Ավետիսյանը տեղեկացրել է նաև, որ ՏԿԵՆ-ի 500 կիլոմետր ճանապարհաշինական ծրագրում ներառվել է Գյումրիում տարեկան 25 կիլոմետր ճանապարհաշինության իրականացումը։ Քաղաքի շուրջ 180 կիլոմետր ճանապարհներից մոտ 70 կիլոմետրը նախկինում հիմնանորոգվել է, իսկ մնացած մոտ 110 կիլոմետրը շարունակում է գտնվել անմխիթար վիճակում։ Նշվել է, որ տարեկան 25 կիլոմետր ճանապարհաշինության պլանավորման աշխատանքները շարունակվում են։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև Գյումրիի վթարային շենքերի խնդիրը, Ալեք Մանուկյան փողոցի կամրջի նորոգումը և քաղաքի ավտոկայանի կառուցման հարցը։ Նշվել է, որ վթարային շենքերի դեպքում անհրաժեշտ է կիրառել տարբերակված մոտեցումներ՝ հաշվի առնելով դրանց մի մասի պատմամշակութային արժեքը, իսկ կամրջի վերանորոգումը կարևոր նշանակություն ունի քաղաքի երկու բանուկ հատվածները կապող հիմնական երթևեկության ապահովման տեսանկյունից։

Քննարկման ավարտին ներկայացվել են դիտարկումներ Երևանի և Գյումրիի առաջնահերթ խնդիրների լուծման վերաբերյալ։ Անդրադառնալով առաջարկներին՝ վարչապետը շեշտել է, որ բոլոր ծրագրերը պետք է իրականացվեն սահմանված ընթացակարգերով, սակայն նախ անհրաժեշտ է հրատապ կենտրոնանալ առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների վրա։