7 հուլիսի 2026 - 18:58 AMT
Կենդանաբանական այգին հաստատել է՝ Ծառուկյանի առյուծներից մեկը քնեցումից չի արթնացել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված առյուծներից մեկը քնեցումից չի արթնացել: Տեղեկությունը հաստատել է Երևանի կենդանաբանական այգին։

«Այս պահին ցավով կարող ենք հաստատել, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն արձանագրված է հերձման ակտով) քնեցումից չի արթնացել։

Կենդանու օրգան համակարգերը եղել են ախտահարված փայծախը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում խոլեցիստիտային փոփոխություններ, առկա է ճարպակալում, որովայնի խոռոչում առկա է ազատ հեղուկ ինչը տարիքային փոփոխությունների հետևանք է»,– ասված է Երևանի կենդանաբանական այգու հաղորդագրությունում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ծառուկյանի առանձնատնից առգրավվել է 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել Երևանի կենդանաբանական այգի:

Հուլիսի 6-ի վաղ առավոտից ԱԱԾ, ՊԵԿ, ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները 70-ից ավելի հասցեներում՝ Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող ընկերություններում, իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ: Ծառուկյանը ձերբակալվել է: Հուլիսի 7-ի վաղ առավոտից Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Ծառուկյանի խափանման միջոցի քննությունը: