
Սահմանադրական դատարանը հրապարակել է Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ իր որոշումը` ներկայացնելով հիմնավորումները:
Հուլիսի 4-ին դատարանը ուժի մեջ է թողել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը։
ՍԴ-ն նաև սահմանել է, որ վարչական ռեսուրսի կիրառումն ինքնին չի համարվում չարաշահում, եթե այն իրականացվում է պետական քաղաքականության շրջանակում և չի ներառում քարոզչական բաղադրիչներ։ Սակայն ընտրություններին մոտ ժամանակահատվածում իրականացվող սոցիալական ծրագրերը կարող են գնահատվել որպես «սոցիալական կաշառք»։ Այդ համատեքստում դատարանն առաջարկել է սահմանափակել նախընտրական շրջանում պետական բյուջեի միջոցներով չնախատեսված սոցիալական վճարների իրականացումը և նման միջոցառումները պլանավորել ընտրություններից զգալիորեն առաջ, գրում է Factor.am-ը:
Անդրադառնալով ընտրությունների սահմանադրական նշանակությանն ու լեգիտիմությանը՝ ՍԴ-ն արձանագրել է, որ ժողովրդավարական պետությունում իշխանության ցանկացած դրսևորում պետք է վայելի հանրության վստահությունը և ունենա ժողովրդական մանդատ։ Ըստ դատարանի՝ ընտրությունները ոչ միայն իշխանության ձևավորման միջոց են, այլև հանրային վերահսկողության կարևոր գործիք։
«Ժողովրդավարության երաշխավորումը հանդես է գալիս որպես կայուն, լեգիտիմ և իրավական ու ժողովրդավարական պետության կառուցման անփոխարինելի նախապայման, իսկ ընտրությունները՝ որպես ժողովրդաիշխանության նյութականացման, հանրային իշխանության լեգիտիմացման և սահմանադրական ժողովրդավարության կենսունակության ապահովման հիմնարար կառուցակարգ»,-նշվում է որոշման մեջ։
Դատարանը նաև անդրադարձել է ընտրական ժամանակահատվածում իրավապահ մարմինների գործունեությանը՝ ընդգծելով, որ քրեական արդարադատությունը չպետք է օգտագործվի քաղաքական նպատակներով, սակայն նաև չպետք է դադարեցվի ընտրությունների պատճառով։
ՍԴ-ն որոշման մեջ ընդգծել է՝ իրավապահ մարմինները, քրեական վարույթի նպատակների տեսանկյունից անհրաժեշտության բացակայության դեպքում, առնվազն մինչև ընտրության օրը ներառյալ պետք է ձեռնպահ մնան հայտնաբերված ենթադրյալ հանցավոր արարքների և դրանց ենթադրյալ կատարողների մասին հաղորդագրություններում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժի անվանումը հիշատակելուց։
«Բոլոր դեպքերում, իրավապահ մարմիններին օրենքով վերապահված գործառույթների իրականացումը չի կարող կախվածության մեջ դրվել ընտրությունների և վերջիններիս նախորդող ժամանակահատվածից, ինչպես նաև համապատասխան վարույթով անցնող անձի քաղաքական հայացքներից»,-ասվում է որոշման մեջ։
Միաժամանակ, ՍԴ-ն ընդգծել է պաշտոնատար անձանց կողմից անմեղության կանխավարկածի խստիվ պահպանման անհրաժեշտությունը, հատկապես նախընտրական «զգայուն» ժամանակահատվածում, որպեսզի քաղաքական ուժի նկատմամբ կանխակալ վերաբերմունք չձևավորվի։
Ընտրական կոռուպցիայի համակարգային բնույթի վերաբերյալ ՍԴ-ն կատարել է ուշագրավ արձանագրում։
«Հայաստանն ունի տասնամյակների համատարած ընտրական կոռուպցիայի ծանր սոցիալական ժառանգություն։ Սահմանադրական դատարանն այս իրավիճակն ընտրական գործընթացի որևէ մասնակցի չի վերագրում, փոխարենը՝ մատնանշում է համակարգային խնդրի առկայությունը»,-ասվում է որոշման մեջ:
Դատարանը նաև քննադատել է քաղաքական ուժերի կրավորական դիրքորոշումը և կոչ է արել ընտրակաշառքի նկատմամբ ցուցաբերել ակտիվ անհանդուրժողականություն։
Դատարանը նաև պարզաբանել է, թե ինչու առանձին ընտրատեղամասերում արդյունքների անվավեր ճանաչումն ինքնաբերաբար չի հանգեցնում վերաքվեարկության։
«Եթե վերաքվեարկությունն անցկացվում է այնպիսի պայմաններում, երբ ընտրողներն արդեն տեղեկացված են քվեարկության նախնական արդյունքների մասին, ապա այն դադարում է ծառայել ընտրողների սկզբնական կամքի վերարտադրմանը և կարող է վերածվել նոր իրավաքաղաքական իրավիճակում նոր կամարտահայտության»,-նշվում է դատարանի որոշման մեջ։
Անդրադառնալով նախընտրական քարոզարշավի ընթացքում հնչած կոշտ հռետորաբանությանը՝ ՍԴ-ն նշել է. «2026 թվականի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող առանձին քաղաքական ուժերի առաջնորդների/ներկայացուցիչների խոսքը/հռետորաբանությունը եղել է անընդունելի կոպիտ, հանրային բարոյական տեսանկյունից՝ խիստ դատապարտելի, իսկ դրա ազդեցությունը՝ ցնցող»,-ընդգծել է դատարանը։
Միևնույն ժամանակ, ՍԴ-ն եզրակացրել է, որ գիտականորեն հիմնավորված մեթոդների բացակայության պայմաններում հնարավոր չէ հաստատել, թե այդ խոսքն ինչպիսի թվաբանական ազդեցություն է ունեցել ընտրությունների վերջնական արդյունքի վրա։
Սահմանադրական դատարանը մերժել է 7 ուժերի հայցը. այսպիսով, ընտրությունների վերջնական արդյունքներով խորհրդարան են անցնում՝ «Քաղաքացիական պայմանագիր»` 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան»` 29 մանդատ, «Հայաստան»` 12 մանդատ: