
Հուլիսի 7-ին Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Աժ նախագահ Դավիթ Իշխանյանի, ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի և այլ անձանց վերաքննիչ բողոքների քննությունը։
Նիստի սկզբում նախագահող դատավորը հայտնել է, որ դատարան է ներկայացվել նախորդ նիստում Դավիթ Իշխանյանի կողմից իր պաշտպանի միջոցով ներկայացված միջնորդության թարգմանությունը։ Այնուհետև շարունակվել են դատական ելույթները, հայտնում է APA-ն:
Դավիթ Բաբայանը, ինչպես նախորդ դատական նիստում, հայտարարել է, որ իրեն առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր չի ճանաչում։
Դատարանում նշվել է, որ մեղադրյալ Իշխանյանի հայտարարությունները ներկայացվել են նրա պաշտպանի միջոցով։ Նա նաև ցանկություն է հայտնել հանդիպել իր պաշտպանին։ Նախագահող դատավորը նշել է, որ կապահովվեն պայմաններ նրա և պաշտպանի առանձնազրույցի համար։
Նշվել է, որ ներկայացված վերաքննիչ բողոքի բովանդակությունն ըստ էության համընկնում է Իշխանյանի ելույթի և նրա պաշտպանի ներկայացրած վերաքննիչ բողոքի հետ, այդ պատճառով որևէ իրավախախտման վերաբերյալ պնդումները հիմնավորված չեն։
Այնուհետև դատարանն իր վերաբերմունքն է հայտնել միջնորդության վերաբերյալ։ Դատարանի որոշման համաձայն՝ միջնորդություններում բարձրացված հարցերը չեն բավարարվել, քանի որ տվյալ փուլում դրանք կապված չեն քննվող գործի առարկայի և էության հետ։
Դրանից հետո դատական նիստում ընդմիջում է հայտարարվել, որպեսզի մեղադրյալ Դ. Իշխանյանը կարողանա գաղտնի հանդիպում ունենալ իր պաշտպանի հետ։
Ընդմիջումից հետո ելույթ են ունեցել Արկադի Ղուկասյանի պաշտպանները՝ ներկայացնելով իրենց փաստարկները և դատարանին խնդրելով բեկանել նրա նկատմամբ կայացված դատավճիռը և կայացնել արդարացման վճիռ։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 10-ին։
Բաքվի ռազմական դատարանի 2026 թվականի փետրվարի 5-ի դատավճռով Արայիկ Հարությունյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Բաբայանը դատապարտվել են ցմահ ազատազրկման։
Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման, Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը՝ 19 տարվա, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարվա, Դավիթ Ալլահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16 տարվա, իսկ Վասիլի Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Էրիկ Ղազարյանը՝ 15 տարվա ազատազրկման։