8 հուլիսի 2026 - 11:32 AMT
Հայաստանի հավաքականի հարձակվողը պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել «Սանդերլենդի» հետ

Անգլիական «Սանդերլենդը» պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ֆինն Գերագուսյանը ակումբի հետ կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը։

Առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքելուց հետո հայ հարձակվողը կիսվել է տպավորություններով, գրում է Armsport-ը:

«Շատ հպարտ եմ ինձնով: Մարզիչներն ու ակումբի ամբողջ անձնակազմն ինձ շատ են օգնել: Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ընտանիքիս, որն աջակցել և ոգեշնչել է ինձ այս ընթացքում: Ես հիանալի հնարավորություններ և անգնահատելի փորձ եմ ձեռք բերել, և հուսով եմ՝ այս մրցաշրջանում դրանք էլ ավելի շատ կլինեն»,-ասել է նա:

«Սանդերլենդի» ակադեմիայի ղեկավար Ջոն Հյուիթսոնը նույնպես խոսել է Գերագուսյանի առաջընթացի մասին.

«Ֆիննը հսկայական աճ է գրանցել վերջին մի քանի մրցաշրջանների ընթացքում, ինչն առաջին հերթին նրա քրտնաջան աշխատանքի և նվիրվածության վկայությունն է։ Մենք շատ ուրախ ենք, որ նա կշարունակի իր զարգացումը մեր ակումբում»,-ասել է նա:

Անցած մրցաշրջանում 18-ամյա հարձակվողն ակադեմիայի տարբեր տարիքային թիմերի կազմում դարձել է 13 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ՝ շարունակելով նաև 2024/25 մրցաշրջանում ցուցադրած արդյունավետ խաղը, որի ընթացքում աչքի է ընկել 19 արդյունավետ գործողությամբ։ Նախորդ մրցաշրջանը ֆուտբոլիստի համար նշանավորվել է նաև միջազգային ասպարեզում կարևոր ձեռքբերումով․ Գերագուսյանն առաջին անգամ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական և իր նորամուտը նշել է մարտին՝ Բելառուսի դեմ կայացած հանդիպման ընթացքում։