8 հուլիսի 2026 - 14:05 AMT
Դատախազությունը պահանջել է պետությանը վերադարձնել Սևանի ափին գտնվող «Մուլտի գրուպի» գույքերը

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ «Բեղլու» ՓԲԸ-ի, Պետական գույքի կառավարման կոմիտեի, գործարար Գագիկ Ծառուկյանի, «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ)՝ 1996 թվականի նոյեմբերի 29-ի N 111-2 պայմանագիրն անվավեր ճանաչելու մասին: Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:

Դատախազությունը նաև պահանջել է «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի ապօրինի տիրապետությունից ՀՀ սեփականությանը վերադարձնել 0.29114 հա մակերեսով հողատարածքը, ինչպես նաև այդ հողամասի վրա կառուցված շենքերն ու շինությունները՝ 425.12 քմ մակերեսով բնակելի տները, 23.04 քմ մակերեսով նավակայանը և 100.8 քմ մակերեսով պարիսպը։

Որպես այդ պահանջի հետևանք՝ Գլխավոր դատախազությունը պահանջել է անվավեր ճանաչել՝

  • 1.21 հա մակերեսով հողատարածքի և 60 քմ մակերեսով N 7 փայտե տնակի մասով պայմանագրի հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը,
  • 2000 թվականի սեպտեմբերի 8-ին «Բեղլու» ՓԲԸ-ի և Գագիկ Ծառուկյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը,
  • վերոնշյալ պայմանագիրը փոփոխելու մասին 2001 թվականի հունվարի 12-ի համաձայնագիրը,
  • 2025 թվականի նոյեմբերի 25-ին գրանցամատյանի N 4462 համարի ներքո ՊՈԱԿ-ի և «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի միջև կնքված վարձակալության պայմանագիրն ու 2025 թվականի նոյեմբերի 28-ին կատարված իրավունքի պետական գրանցումը։

Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է նաև Դատախազության՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը։ Դատարանի որոշմամբ պատասխանողին արգելվել է կատարել այնպիսի գործողություններ, որոնք կարող են հանգեցնել հայցադիմումում նշված գույքերի սեփականատիրոջ փոփոխությանը կամ դրանց փաստացի վիճակի փոփոխությանը։