
Ստուգումներ են «Մուլտի գրուպի» բենզալցակայանում, հայտնում է Factor.am-ը:
Պետական եկամուտների կոմիտեն հայտնել է, որ բացահայտել է Կոտայքի մարզում և Երևանում բենզալցակայան շահագործող ընկերության կողմից ենթադրյալ հարկային իրավախախտումների դեպք, մոտ 500 մլն դրամի վնաս է պատճառվել
Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզում Վերին Պտղնի համայնքի Երևան-Սևան մայրուղու 1 և Երևան քաղաքի Գյուրջյան 10/2 հասցեներում բենզալցակայան շահագործող ընկերությունն առանց համապատասխան փաստաթղթավորման՝ ձեռք է բերում վառելիք ու առանց հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ տրամադրելու և այդ գործարքները հարկային հաշվառման մեջ արտացոլելու՝ վաճառում է սպառողներին։
Նախապես ճշտվել են ընկերության գործունեության հասցեները, վառելիքի բաշխիչ աշտարակների քանակները, վառելիքի պահեստավորման տարաների գտնվելու վայրերը, ինչպես նաև գրասենյակային տարածքների հասցեները, միաժամանակ իրականացվել է նաև արտաքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառում։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում ձեռք բերված տվյալների համալիր վերլուծությունների և ուսումնասիրությունների արդյունքներով պարզվել է, որ ընկերությունը 2023-2026 թվականներին առանց համապատասխան փաստաթղթերի ձեռք է բերել և իրացրել տարբեր տեսակի՝ շուրջ 1,6 մլրդ․ դրամի հեղուկ վառելիքներ։ Այդ նպատակով, բենզալցակայանի իրական շրջանառության զգալի մասը չի փաստաթղթավորվել, մասնավորապես վաճառված բենզինի արժեքները չեն մուտքագրվել հսկիչ-դրամարկղային մեքենաներ և չեն տպվել ՀԴՄ կտրոններ:
Այս ամենի հետևանքով հարկային մարմին ներկայացված հաշվարկներում մտցվել են խեղաթյուրված տվյալներ։ Արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 500 մլն դրամի վնաս։ Դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հուլիսի 6-ի վաղ առավոտից ԱԱԾ, ՊԵԿ, ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները 70-ից ավելի հասցեներում՝ Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող ընկերություններում, իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ: Ծառուկյանը ձերբակալվել է: Հուլիսի 7-ի վաղ առավոտից Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացել է Ծառուկյանի խափանման միջոցի քննությունը: Օրվա ավարտին հայտնի է դարձել, որ նա 2 ամսով կալանավորվել է: