
Հայ առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Սեպուհ Սարգսյանը վտանգավոր և ապակառուցողական է գնահատել ՀՀ իշխանությունների՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին հեռացնելու ձգտումը։
Ըստ նրա՝ ՀՀ իշխանությունները սխալ ուղու վրա են եկեղեցու հարցում:
«Հայ առաքելական եկեղեցին 1700 տարվա պատմություն ունի, և նման քաղաքականություն չի կարելի վարել նրա նկատմամբ։ Եկեղեցին անկախ կառույց է։ Մենք ՀՀ իշխանություններից ակնկալում ենք, որ իրենք երկխոսություն կսկսեն եկեղեցու հետ։ Նրանց վարքագիծը բացասաբար է անդրադառնում սփյուռքի վրա։ Մինչ օրս մենք բարի կամքի որևէ դրսևորում չենք տեսել Հայաստանի ղեկավարության կողմից», – ասել է արքեպիսկոպոսը, հայտնում է Sputnik Արմենիան:
Սարգսյանը քննադատության է ենթարկել նաև կառավարության դիրքորոշումն Արցախի հարցում։ Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալվում է, երբ հայտարարում է, որ Արցախը հայկական հող չէ։ Արքեպիսկոպոսն անդրադարձել է նաև հայ-իրանական հարաբերություններին՝ դրանք գնահատելով որպես լավագույնը։
«Չեմ կարծում, որ աշխարհում կա որևէ երկիր, որն ավելի մոտ է Հայաստանին, քան Իրանը։ Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ մենք սերտ հարաբերություններ ենք ունեցել անհիշելի ժամանակներից։ Երբեմն նաև թշնամություն ենք արել, իհարկե, բայց միշտ ընդհանուր լեզու ենք գտել և հաղթահարել տարաձայնությունները», - հավելել է նա։
Հունվարի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարել են Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» գործընթացի մեկնարկի մասին։ Այս ֆոնին ավելի վաղ տարբեր մեղադրանքներով կալանավորվել են երեք թեմերի ղեկավարներ՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, ինչպես նաև Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանը։
Փետրվարի 14-ին ՀՀ դատախազությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի նկատմամբ հարուցել է քրեական հետապնդում՝ արգելելով նրա ելքը Հայաստանից։ Կաթողիկոսին հեռացնելու հարցը ներառված էր ՔՊ նախընտրայան ծրագրում: