8 հուլիսի 2026 - 18:03 AMT
ԿԸՀ-ն վերադարձրել է դատախազությանը նաև Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորած Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած միջնորդությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերադարձրել է։

ԿԸՀ նիստում հանձնաժողովի նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը հայտնել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը նախկինում ԿԸՀ-ին դիմել էր՝ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով, հայտնում է Sputnik Արմենիան:

ԿԸՀ-ի պաշտոնական կայքում հրապարակված որոշման համաձայն՝ հանձնաժողովը ներկայացված միջնորդությունները չի քննարկել՝ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով, որը պայմանավորված է եղել Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների բողոքարկման գործընթացով։

Հուլիսի 8-ի նիստում ԿԸՀ-ն որոշել է վերադարձնել գլխավոր դատախազության միջնորդությունները, քանի որ Ընտրական օրենսգրքով պատգամավորի թեկնածուի համար նախատեսված իրավունքներն ու պարտականությունները գործել են մինչև 2026 թվականի հուլիսի 4-ը։

Սահմանադրական դատարանը մերժել է 7 ուժերի հայցը. այսպիսով, ընտրությունների վերջնական արդյունքներով խորհրդարան են անցնում՝ «Քաղաքացիական պայմանագիր»` 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան»` 29 մանդատ, «Հայաստան»` 12 մանդատ: