
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն կքննարկի Ռուսաստանի հնարավոր վերադարձը միջազգային ֆուտբոլ այն բանից հետո, երբ Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) առաջարկել է վերացնել ռուս մարզիկների նկատմամբ գործող բոլոր սահմանափակումները։
Ինչպես հաղորդում է գերմանական հանրային ARD հեռուստաընկերությունը, հուլիսի 8-ին ՖԻՖԱ-ն ի պատասխան հարցման հայտնել է, որ «ի գիտություն է ընդունել ՄՕԿ-ի որոշումը», գրում է Deutsche Welle-ն:
«ՖԻՖԱ-ն կվերլուծի այս որոշումը, նախքան շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցելով հետագա որոշումներ կայացնելը», - նշել են կազմակերպությունում։
ARD-ի տվյալներով՝ խորհրդակցությունները կարող են անցկացվել նաև Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) հետ, որը դեռևս չի մեկնաբանել իրավիճակը։
Ռուսական թիմերի վերադարձի կողմնակիցներից մեկը ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն է, որը բազմիցս կոչ է արել վերացնել ռուս ֆուտբոլիստների նկատմամբ կիրառվող սահմանափակումները։
Միևնույն ժամանակ բրիտանական The Telegraph թերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ այս պահին ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն չեն ծրագրում վերացնել ռուսական ակումբների և հավաքականների՝ միջազգային մրցաշարերին մասնակցելու սահմանափակումները։
Հուլիսի 7-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն չեղարկել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի (ՌՕԿ) անդամակցության կասեցման վերաբերյալ որոշումը և առաջարկել վերացնել ռուս մարզիկների նկատմամբ գործող բոլոր սահմանափակումները։ ՌՕԿ-ի նկատմամբ սահմանափակումները գործում էին 2023 թվականի հոկտեմբերից, երբ Ռուսաստանն իր ազգային օլիմպիական կոմիտեի կազմում ընդգրկել էր Ուկրաինայի բռնակցված տարածքների օլիմպիական խորհուրդները։ ՄՕԿ-ը դա գնահատել էր որպես Օլիմպիական խարտիայի և Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտում։
Կազմակերպության հայտարարության համաձայն՝ որոշումը վերանայվել է ՄՕԿ-ի իրավական հարցերով հանձնաժողովի «մանրակրկիտ վերլուծությունից» հետո։ Հանձնաժողովը եզրակացրել է, որ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի կազմում այլևս չկան այն մարզական կազմակերպությունները, որոնք գտնվում են Ուկրաինայի ազգային օլիմպիական կոմիտեի իրավասության ներքո գտնվող տարածքներում։
ՄՕԿ-ը նաև չեղարկել է այն հանձնարարականը, ըստ որի՝ ռուս մարզիկները կարող էին միջազգային մրցումներին մասնակցել միայն չեզոք կարգավիճակով։ Միևնույն ժամանակ կազմակերպությունն ընդգծել է, որ նրանք պետք է անցնեն հակադոպինգային գործող պահանջներին համապատասխանության մանրակրկիտ ստուգում։
ՄՕԿ-ի հանձնարարականները չեն նշանակում ռուս մարզիկների ավտոմատ մասնակցություն միջազգային մրցումներին կամ Օլիմպիական խաղերին․ յուրաքանչյուր մարզաձևի դեպքում վերջնական որոշումները պետք է կայացնեն համապատասխան միջազգային ֆեդերացիաները։ Դրանցից մի քանիսն արդեն նախկինում թույլատրել են ռուսների մասնակցությունը։
Միևնույն ժամանակ կազմակերպությունը դեռևս որոշում չի ընդունել մրցումների ընթացքում Ռուսաստանի դրոշի և օրհներգի օգտագործման վերաբերյալ։ ՄՕԿ-ը նաև հայտարարել է, որ չի պատրաստվում իր միջոցառումները կազմակերպել Ռուսաստանում, ինչպես նաև դրանց չի հրավիրելու ռուս պաշտոնյաներին։ Կազմակերպությունը կրկին դատապարտել է Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ։
Իր որոշումը ՄՕԿ-ը հիմնավորել է 2028 թվականին Լոս Անջելեսում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերի որակավորման շրջանի մեկնարկով և «բոլոր մարզիկների համար մրցումներին հավասար հասանելիություն ապահովելու անհրաժեշտությամբ»։
2026 թվականի մայիսին ՄՕԿ-ը արդեն առաջարկել էր վերացնել նաև բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումները։ Ինչպես գրել էր The Guardian-ը, Ռուսաստանի նկատմամբ սպորտային պատժամիջոցները պահպանվել էին ոչ այնքան Ուկրաինայի դեմ շարունակվող պատերազմի, որքան Ռուսաստանում հակադոպինգային կանոնների հնարավոր խախտումների վերաբերյալ մտահոգությունների պատճառով։ Հունիսին ՖԻՖԱ-ն թույլատրել էր Ռուսաստանի պատանեկան հավաքականներին մասնակցել աշխարհի առաջնությանը։