8 հուլիսի 2026 - 18:30 AMT
Կանդազի և մյուսների գործով նիստը հետաձգվել է

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հետախույզ, գնդապետ Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի, ինչպես նաև ևս երկու մեղադրյալի գործով դատական նիստը հետաձգվել է, իսկ հարցաքննությունների փուլը տեղափոխվել է հաջորդ նիստ։

Հունիսի 25-ին դատարանը որոշել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հետախույզ Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի նկատմամբ կիրառված կալանքը փոխարինել տնային կալանքով և բացակայելու արգելքով։

Նիստի սկզբում հանրային մեղադրողը հրապարակել է ձայնագրություններ, որոնցում, ըստ նրա պնդման, Արթուր Ավանեսյանը, ինչպես նաև գործով անցնող մեղադրյալներ Արթուր Իսկանդարյանը և Գեղամ Զաքարյանը քննարկում են նախընտրական գործընթացները, հայտնում է Sputnik Արմենիան:

Դատավոր Սարգիս Դադոյանը պաշտպանական կողմից հետաքրքրվել է՝ արդյոք ցանկանում են որևէ պարզաբանում կամ արդարացում ներկայացնել։ Փաստաբան Արմեն Ֆերոյանը նշել է, որ նման ցանկություն չունի, սակայն խնդրել է պահպանել ձայնագրությունները, որպեսզի հետագա նիստերի ընթացքում, հարցաքննությունների ժամանակ, անհրաժեշտության դեպքում դրանք կրկին լսեն և հարցեր ուղղեն։

«Մենք քննարկել ենք` պաշտպաններով այս հարցը, և տակտիկական տեսանկյունից ցուցմունք տալու ցանկություն կա, ինչպես ի սկզբանե ասել ենք։ Մի փոքր նախապատրաստվելու անհրաժեշտություն կա, հաջորդ նիստին, վստահաբար, պատրաստ ենք հարցաքննության»,– ասաց փաստաբանը։

Դատավորը անդրադարձել է նաև նախորդ նիստում պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությանը՝ մեղադրյալների էլեկտրոնային սարքերը վերադարձնելու վերաբերյալ։ Նրա խոսքով՝ այդ սարքերը դատարանին չեն ներկայացվել, ուստի տվյալ հարցով պաշտպանական կողմը կարող է դիմել քննիչին։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին։

Հակակոռուպցիոն կոմիտեն ապրիլի 27-ին բերման էր ենթարկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հետախույզ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին, որը միացել էր գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի թիմին։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ նա ձերբակալվել է՝ ըստ պաշտոնական հաղորդագրության, Ազգային ժողովի ընտրություններում իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով կաշառք խոստանալու կասկածանքով։ Ապրիլի 28-ին Արթուր Ավանեսյանը կալանավորվել էր երկու ամսով։

Ավանեսյանը գտնվել էր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում, իսկ նրա կալանքի վերաբերյալ բողոք էր ներկայացվել վերաքննիչ դատարան։