9 հուլիսի 2026 - 10:39 AMT
ՀԱԵ-ն հայց է ներկայացրել Քրեակատարողական ծառայության դեմ

Հայ առաքելական եկեղեցին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության՝ պահանջելով անվավեր ճանաչել ՔԿԾ պետի որոշումը, որով արգելվել է հոգևոր ծառայություն մատուցող հոգևորականների մուտքը ՔԿՀ-ներ, հայտնում է «Փաստինֆոն»։

Վարչական դատարանը՝ դատավոր Արգիշտի Ղազարյանի նախագահությամբ, վերադարձրել է հայցադիմումը, ինչն այնուհետև բողոքարկվել է ՀԱԵ ներկայացուցչի կողմից։

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը՝ դատավոր Հայկ Խաչատրյանի նախագահությամբ, բավարարել է ներկայացված բողոքը։ ՀԱԵ-ն վերաքննիչ բողոքում արձանագրել է, որ եկեղեցին ազատազրկման վայրերում մշտական հոգևոր ներկայացուցիչներով հանդես գալու առաքելություն է ունեցել։

Արդարադատության նախարարության և ՀԱԵ-ի միջև 2014 թվականի նոյեմբերի 25-ին կնքվել է պայմանագիր, որի համաձայն՝ քրեակատարողական հիմնարկներում հոգևոր առաջնորդն ու հոգևոր հովիվները նշանակվում են Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից։

Վերաքննիչ վարչական դատարանը, վերլուծելով օրենսդրական կարգավորումները, արձանագրել է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու՝ ազատազրկման վայրերում մշտական հոգևոր ներկայացուցիչ ունենալու իրավունքը բխել է օրենքից, ոչ թե որևէ պայմանագրից։

2026թ. ապրիլի 10-ին քրեակատարողական ծառայության պետը որոշել է դադարեցնել քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայություն մատուցող հոգևորականների մուտքի թույլտվությունը՝ այն հիմնավորմամբ, որ եկեղեցու առանձին քահանաների հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր։

ՀՀ քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայությունը սկսվել է դեռևս 1993 թվականից՝ այն ժամանակ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, ներկայիս Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նախաձեռնությամբ։

2003 թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բացվել է քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայության բաժինը։ Իսկ 2014 թ. նոյեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Արդարադատության նախարարության միջև կնքվել է պայմանագիր, որում սահմանվել են ծառայության գործունեության ոլորտը, կառուցվածքը, խնդիրներն ու նպատակները։