9 հուլիսի 2026 - 11:14 AMT
ՆԳ նախարարին կից խորհրդում քննարկվել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ հուլիսի 7-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում արձանագրված առաջընթացն ու Գործողությունների ծրագրի կատարման ընթացքը։

Արփինե Սարգսյանը, որը Հայաստանի կողմից վիզաների ազատականացման գործընթացի գլխավոր բանակցողն է, նշել է, որ երկխոսությունը մտել է ակտիվ փուլ։

Նրա խոսքով՝ Եվրոպական հանձնաժողովը դրական է գնահատել Հայաստանի կողմից արձանագրված առաջընթացը, մասնավորապես՝ կենսաչափական համակարգերի, սահմանների կառավարման, միգրացիայի և ապաստանի ոլորտներում։

Նախարարը շեշտել է, որ վիզաների ազատականացումը պետք է դիտարկել ոչ միայն որպես առանց վիզայի տեղաշարժի հնարավորություն, այլև որպես պետական կառավարման համակարգի որակական բարեփոխումների կարևոր գործիք։

Նա նաև հայտնել է, որ նախատեսվում է կենսաչափական համակարգը Հայաստանում ամբողջությամբ գործարկել 2026 թվականի աշնանը։

Նիստի ընթացքում հասարակական խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները։

2026-ի աշնանից ՀՀ-ում նոր` կարմիր գույնի կենսաչափական անձնագրեր կներդրվեն: Դրանք համապատասխանելու են միջազգային բարձր չափանիշներին և միաժամանակ արտացոլելու են հայկական ինքնությունը: Ըստ այդմ՝ նախ արտացոլված է ՀՀ ուրվագծային քարտեզը, Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենը և առաջին հայատառ նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:

Կապույտ անձնագրերը ուժի մեջ կլինեն մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը: