
«Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել գործարանի տարածքի մոտ՝ նշելով, որ անհանգստացած են իրենց ապագայով, քանի որ շատերն ունեն վարկային և ապառիկ պարտավորություններ։ Արդեն չորրորդ օրն է, ինչ գործարանի դարպասները կապարակնքված են, իսկ աշխատակիցները, փաստացի, հայտնվել են հարկադիր պարապուրդում, գրում է Sputnik Արմենիան:
«Արարատցեմենտի» աշխատակիցները բողոքի ակցիայի ընթացքում բացել են գործարանի դարպասները ու ներս մտել` շարունակելու իրենց աշխատանքը։
Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ եթե կառավարությունն ուզում է գործարանում ժամանակավոր կառավարիչ նշանակի, թող նշանակի, բայց իրենք պետք է կատարեն իրենց աշխատանքն ու չտուժեն այդ գործընթացից։
«Կառավարության վեջին չի, որ մի հատ գա տեսնի էս 1300 աշխատողները, բանվորները ինչով են վաղը մեծացնելու իրենց երեխեքին, ոնց են կերակրելու։ Հո մենակ փակելով չի»,–ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։
Նրանց խոսքով` գործարանի տարածք քննիչներ են գալիս–գնում, բայց նրանցից ոչ մեկն իրենց հարցերին չի պատասխանում։
Գործարանի գլխավոր տնօրենի ԺՊ Արտյոմ Պողոսյանն ասվելի վաղ ասել էր․«Դիմել ենք իրավապահներին, հարցնում ենք՝ ինչ է լինելու, չգիտեն պատասխանը, ըստ էության՝ պարզապես պետք էր փակել ու գնալ։ Քննչական կոմիտե ենք դիմել, խնդրել ենք, որ գան, կապարակնիքները հանեն, մարդիկ կարողանան աշխատել, ժողովուրդն էլ կարողանա օրվա հացի հարցը լուծել, բայց մինչև օրս ոչ մի պատասխան չունենք»:
Աշխատակիցների խոսքով՝ բոլորն ունեն վարկեր և ապառիկներ, իսկ իրենց հետագա ճակատագիրն առայժմ մնում է անորոշ։ Պողոսյանի փոխանցմամբ՝ արդեն չորս օր է, ինչ գործարանը ցեմենտի իրացում չի իրականացրել, ֆինանսական մուտքեր չկան, ուստի աշխատավարձերի վճարման մասին խոսելն էլ այս պահին հնարավոր չէ։
Հուլիսի 6-ի վաղ առավոտյան ՀՀ քննչական կոմիտեն սկսել է լայնածավալ խուզարկություններ իրականացնել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բնակավայրում և նրան պատկանող օբյեկտներում։ Խուզարկություններից հետո կապարակնքվել են բոլոր այդ օբյեկտները, այդ թվում՝ «Արարատցեմենտ» գործարանի դռները։