29 հունիսի 2009 - 19:09 AMT
ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանի արարքը նրա ամենամեծ պարտությունն է
Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանն իր ամենամեծ պարտությունն է արձանագրել: Այդ մասին հունիսի 29-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի Ազգային Ժողովի եվրոպական ինտեգրման գծով հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը: «Ոչ այսօր, ոչ էլ ապագայում ես չեմ ցանկանում մեկնաբանել Զարուհի Փոստանջյանի արարքը»,- հայտնել է հայ խորհրդարանականը:

ԵԽԽՎ հայկական պատվիրակության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը մոտեցել է թուրք եւ ադրբեջանցի պատգամավորներին` խնդրելով ստորագրել Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձեւի մեջ ներմուծված փոփոխությունների տակ, այն է` Հայաստանի իշխանություններին ուղղված կոչ բոլոր իրավական գործիքները կիրառել մարտի 1-ի դեպքերի հետ կապվածներին ազատ արձակելու, ինչպես նաեւ մարտի 1-ի դեպքերը հետաքննող Փաստահավաք փորձագետների խմբի գործունեությունը վերականգնելու համար` ներգրավելով Միջազգային անկախ փորձագետների խումբը: