9 հուլիսի 2026 - 16:11 AMT
Բուժապահովագրությունից օգտվողներն առողջ ապրելակերպի համար բոնուսներ կստանան

Կառավարությունը հաստատել է առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կիրառման և դրանց միջոցով վճարումներ կատարելու կարգը։ Հարցը կառավարության նիստում ներկայացրել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։

Նրա խոսքով՝ բոնուսային համակարգը նախատեսվում է առողջ ապրելակերպ վարող ապահովագրված անձանց խրախուսելու համար, գրում է Արմենպրեսը:

«Մենք օրենքով սահմանել էինք, որ ապահովագրված անձի առողջ ապրելակերպի խրախուսման նպատակով հաշվվում են բոնուսային միավորներ, եթե տվյալ տարվա ընթացքում վերջինիս անունով, բացի կանխարգելիչ ծառայություններից՝ սկրինինգներից, այլ ապահովագրական հատուցում չի գրանցվել»,- ասել է Նանուշյանը։

Առողջապահության նախարարի առաջին տեղակալը պարզաբանել է, որ տարվա ավարտից հետո նախնական բոնուսային միավորները փոխանցվելու են տվյալ անձի բոնուսային հաշվին։

Նա նշել է, որ լրացուցիչ գործակիցներ կիրառվելու են նաև այն դեպքերում, երբ ապահովագրված անձը հանդես է գալու որպես կամավոր անհատույց արյան դոնոր կամ առողջության առաջնային պահպանման բժշկի կողմից արձանագրվելու են առողջ ապրելակերպին ուղղված դրական փոփոխություններ։

Այդ ցուցանիշների թվում կարող են լինել, օրինակ, մարմնի զանգվածի ինդեքսի նորմալացումը, ծխելուց հրաժարվելը և առողջ վարքագծի հետ կապված այլ դրական փոփոխություններ։

Նանուշյանի խոսքով՝ բոնուսների չափերն ու կիրառման ընթացակարգը մանրամասն սահմանվելու են առողջապահության նախարարի հրամանով։

«Վերջնական բոնուսային միավորները չեն կարող գերազանցել տարեկան ապահովագրական վճարի 10 տոկոսը»,- նշել է նա։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ մեկ բոնուսային միավորը համարժեք է 1 դրամի։

Կուտակված բոնուսային միավորները հնարավոր կլինի օգտագործել մի շարք նպատակներով։ Դրանք կարող են ուղղվել ապահովագրավճարի վճարմանը, կամավոր բժշկական ապահովագրական փաթեթի ձեռքբերմանը, համավճարների մարմանը, ինչպես նաև մարզասրահների և լողավազանների բաժանորդավճարների վճարմանը։

«Նախագիծը ուժի մեջ է մտնելու 2029 թվականի հունվարի 1-ից, սակայն նախնական հաստատումը մեզ հնարավորություն կտա նախապատրաստել էլեկտրոնային գործիքը և նախապատրաստական աշխատանքներ իրականացնել կամավոր բժշկական ապահովագրություն տրամադրող կազմակերպությունների, մարզասրահների և լողավազանների հետ»,- ասել է Նանուշյանը։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ կարգի ընդունմամբ ակնկալվում է ապահովել օրենքով նախատեսված բոնուսային համակարգի լիարժեք գործարկումը, խրախուսել առողջ ապրելակերպը, ինչպես նաև նպաստել հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանը։

Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից։ Այն գործարկվելու փուլային տարբերակով: Առաջին փուլում ընդգրկվելու են այն քաղաքացիները, որոնց ամսական աշխատավարձը գերազանցում է 200 հազար դրամը։ Նրանց համար սահմանվել է 129,600 դրամի ապահովագրական փաթեթ, որը ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված և սքրինինգային ծառայություններ, ինչպես նաև հիվանդանոցային բուժում, դեղորայքային ապահովում և շտապ օգնության ծառայություններ։