29 հունիսի 2009 - 19:37 AMT
Արդշինիվեստբանկն առաջարկում է նոր ծառայություն` Intel Express
Արդշինիվեստբանկը շարունակում է ընդլայնել իր ծառայությունների շրջանակը, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Այսուհետ, բանկի բոլոր մասնաճյուղերում հնարավոր կլինի գումարներ ստանալ ու փոխանցել նաեւ Intel Express միջազգային վճարային համակարգով: Նշված համակարգին միանալու թույլտվությունը բանկին տրամադրվել է ՀՀ Կենտրոնական բանկի համապատասխան որոշմամբ: Մասնակցությունը Intel Express համակարգում հնարավորություն է տալիս Արդշինինվեստբանկին առավել արդյունավետ դարձնել դրամական փոխանցումների իրականացման գործընթացը եւ թույլ է տալիս ընդլայնել դրանց աշխարհագրությունը:

Intel Express համակարգի առկայությունը թույլ է տալիս Արդշինինվեստբանկի հաճախորդներին դինամիկ, արագ եւ արդյունավետ դրամական փոխանցումներ կատարել եվրոպական ավելի շատ երկրների հետ` ընդգրկելով սպասարկման նոր կետեր:

Ինչպես նշում է Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի պաշտոնակատար Գուգեն Հարությունյանը. «Intel Express փոխանցումների համակարգը ներդրվել է Բանկի բոլոր մասնաճյուղերում: Արդշինինվեստբանկի հաճախորդները հնարավորություն կստանան իրենց դրամական միջոցներն ուղարկել եւ ստանալ ինչպես բանկում մինչ այսօր գործող դրամական փոխանցումների համակարգերի միջոցով, այնպես էլ նոր ներդրված համակարգով»:

Արդշինինվեստբանկը ներկայումս անդամակցում է Contact, MoneyGram, Migom, Բիստրայա Պոչտա միջազգային համակարգերին, եւ այս ոլորտում համագործակցում է նաեւ ռուսական Պրոմսվյազբանկի, Սոցգորբանկի, Ֆորա բանկի եւ Սբերբանկի հետ:
«Արդշինինվեստբանկը» հիմնադրվել է 2002 թ. դեկտեմբերին: 2003 թ. «Արդշինինվեստբանկը» գնել է «Արդշինբանկ» ԲԲԸ եւ «Հայագրոբանկ» ՓԲԸ ակտիվների եւ պարտավորությունների մեծ մասը` իրենց մասնաճյուղային ցանցերի հետ միասին: Բանկը մասնակցում է Համաշխարհային Բանկի (գյուղատնտեսության բարեփոխումների աջակցության եւ ձեռնարկությունների զարգացման գծով), Միգրացիայի միջազգային կոմիտեի, Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման Ազգային Կենտրոն Հիմնադրամի վարկային ծրագրերին: Բանկը հանդիսանում է արժեթղթերի շուկայի մասնակից` Հայաստանի Հանրապետության ԿԲ-ի, ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարության եւ «Արդշինինվեստբանկի» միջեւ կնքված անժամկետ եռակողմ պայմանագրերի հիման վրա, ինչպես նաեւ ՀՀ ԿԲ կողմից թողարկվող պետական պարտատոմսերի շուկայի դիլեր:

Բանկի բաժնետերերն են «Բիզնես ներդրումների կենտրոն» ՍՊԸ-ն, Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC), «Միջազգային բիզնես կենտրոն» ՀՁ ՓԲԸ-ն, «Ռեգիոն» ԻՖԿ ՓԲԸ-ն, ֆիզիկական անձինք:

2009 թ. մարտի 31-ի դրությամբ ընդհանուր կապիտալը կազմում է 26 586 391 հազ. դրամ, ակտիվները` 121 054 595 հազ. դրամ, պարտավորությունները` 94 468 204 հազ. դրամ: